Կփոխարինվեն Կիևյան կամրջի դեֆորմացիոն կարերը, ջրամեկուսացման աշխատանքներ կկատարվեն

Կփոխարինվեն Կիևյան կամրջի դեֆորմացիոն կարերը, ջրամեկուսացման աշխատանքներ կկատարվեն

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի առանցքային տրանսպորտային օբյեկտներից մեկը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման շրջանակում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերը, իրականացնել ջրամեկուսացման աշխատանքներ, տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ, նորոգել մայթերն ու բազրիքները, ինչպես նաև վերականգնել կամրջի կրող կառուցվածքների պաշտպանիչ շերտերը։

Հիմնանորոգման ամբողջ ժամանակահատվածում՝ հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը, կամուրջը փակ կլինի տրանսպորտային միջոցների համար, սակայն հետիոտները կկարողանան շարունակել օգտվել դրանից, հայտնում է Արմենպրեսը:

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Դարբինյանը նշել է, որ հիմնանորոգման անհրաժեշտությունն առաջացել է տարիների ընթացքում կուտակված մի շարք տեխնիկական խնդիրների հետևանքով։

«Կամրջում արձանագրվել են դեֆորմացիոն կարերի վնասվածքներ և ասֆալտբետոնե ծածկի մաշվածություն, ինչի հետևանքով մթնոլորտային ջրերը ներթափանցել են կամրջի ստորին կառուցվածքներ։ Այս հանգամանքներն էլ պայմանավորել են հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը»,-ասել է նա։

Նրա ներկայացմամբ՝ թեև մասնագետները կամրջի վերանորոգման անհրաժեշտության մասին ահազանգել են դեռևս տարիներ առաջ, ծրագրի իրականացումը կազմակերպվել է քաղաքային տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների հերթականությանը համապատասխան։

Սպասվում է, որ աշխատանքների որակն ու կատարման ժամկետները կվերահսկվեն մշտադիտարկման, տեխնիկական հսկողության և պարբերաբար իրականացվող ստուգումների միջոցով։

Աշխատանքների ավարտից հետո վարորդների համար կապահովվի ավելի հարթ, անվտանգ և հարմարավետ երթևեկություն, իսկ հետիոտները կօգտվեն առավել բարեկարգ և ապահով պայմաններից։ Միաժամանակ, ծրագրի հիմնական արդյունքը կլինի Կիևյան կամրջի երկարաժամկետ ու հուսալի շահագործման ապահովումը, ինչը կարևոր դեր ունի մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների անխափան գործունեության տեսանկյունից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---