Մանասյան․ Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները խոշտանգումների կանխարգելման համար

Մանասյան․ Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները խոշտանգումների կանխարգելման համար

PanARMENIAN.Net - Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները խոշտանգումների կանխարգելման համար, հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանսյանը՝ անդրադառնալով հունիսի 26-ին նշվող Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան։

նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ազատությունից զրկված անձանց նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների վերաբերյալ ահազանգեր և բողոքներ։ Նշվում է, որ յուրաքանչյուր նման դեպք պահանջում է անհապաղ արձագանք, արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ և անկախ, անաչառ ու համակողմանի քննություն։

Այս օրը Միավորված ազգերի կազմակերպությունը հռչակել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքը, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։

Նշվել է, որ այս օրն ևս մեկ հնարավորություն է դարձել ընդգծելու, որ խոշտանգումների դեպքերի բացառումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների արտահայտություն։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։

Ընդգծվել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի ցանկացած ձևի կանխարգելումը, դրանց վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման արդյունավետ, անկախ և անաչառ քննությունը, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև զոհերի աջակցության պատշաճ կառուցակարգերի առկայությունը պետության անշեղ պարտավորություններից են։

Որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը։ Տարիների ընթացքում իրականացված մշտադիտարկումների, ինչպես նաև տարեկան և արտահերթ զեկույցների շրջանակում հետևողականորեն արձանագրվել են ոլորտում առկա համակարգային խնդիրները՝ մասնավորապես, խոշտանգումների կանխարգելման երաշխիքների ամրապնդման, խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման արդյունավետ մեխանիզմների ձևավորման և վատ վերաբերմունքի զոհ դարձած անձանց համապարփակ աջակցության ապահովման անհրաժեշտության առումով։

Այս համատեքստում ընդգծվել է, որ խոշտանգում վերապրած անձինք և նրանց ընտանիքները պետք է ունենան պետության կողմից երաշխավորված, հասանելի և շարունակական հոգեբանական, բժշկական, սոցիալական և վերականգնողական ծառայություններ։ Նման աջակցությունը մարդու արժանապատվության վերականգնման և իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է։

Ընդգծվում է, որ պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները խոշտանգումների կանխարգելման, յուրաքանչյուր հաղորդման արագ և արդյունավետ քննության և տուժածների իրավունքների լիարժեք վերականգնման համար։

«Վստահ եմ, որ միասնական և շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր է ձևավորել հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում հանդուրժելի չի լինի»,-սվում է հայտարրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---