Վարորդականի քննության հարցաշարերը կփոխվեն, արդյունքը կպահպանվի 2 տարի

Վարորդականի քննության հարցաշարերը կփոխվեն, արդյունքը կպահպանվի 2 տարի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը 1 տարվա փոխարեն կպահպանվի 2 տարի, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան այդ ընթացքում հանձնել նաև գործնական քննությունը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Վերջին տարիներին բավականին ավելացել է հաշվառման քննական կենտրոններ դիմելիությունը և հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ մեկ տարին բավարար չի լինում անձանց համար` դիմելու ու նաև գործնական քննությունը հաղթահարելու համար։ Մեկ այլ իրավիճակում բավականին շատ են լինում դեպքերը, երբ գործնական քննությունից շատ են լինում բացասական արդյունքներ և տեսական քննությունների դրական արդյունքների պահպանման մեկ տարին բավարար չի լինում»,– ընդգծել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ մեկ տարվա ընթացքում չեն հասցրել ավարտել ավտոդպրոցներում ուսումնառությունը և դիմել են քննության ժամկետը հետաձգելու խնդրանքով։

«Սա շատ դրական ազդակ է այս տեսանկյունից, քանի որ սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր միայն հանձնել քննությունը»,– ասել է Սարգսյանը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ընդունված որոշմամբ փոփոխվելու են տեսական քննության հարցաշարերը, քանի որ հաճախ բողոքներ են ստացվել այն մասին, որ թեթև մարդատար մեքենաների վարորդների համար նախատեսված հարցաշարերում ներառվել են ավտոբուսների վարման վերաբերյալ հարցեր։ Նոր կարգավորմամբ հարցաշարերը կդառնան յուրաքանչյուր կարգին և ենթակարգին համապատասխան։

Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

Սարգսյանը նաև հիշեցրել է, որ մեկ այլ կարգավորմամբ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են վճարել 50 հազար դրամ պետական տուրք և վերականգնել վարորդական իրավունքը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հնարավորությունը չի տարածվելու բոլոր դեպքերի վրա, և հարցին մոտեցումը լինելու է զգուշավոր՝ երթևեկության անվտանգության հետ կապված ռիսկերը բացառելու նպատակով։

Ազգային ժողովի ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի փոփոխություններով վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին առաջին անգամ հնարավորություն է տրվել այն վերականգնել առանց որակավորման քննություն հանձնելու՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։ Եթե այդ ընթացքում միավորները չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական՝ 13 միավոր։ Իսկ վարորդական իրավունքից կրկին զրկվելու դեպքում այն այլևս չի վերականգնվի առանց քննության։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---