Բուլինգի դեպքերին արձագանքելու նոր մեխանիզմ կգործի

Բուլինգի դեպքերին արձագանքելու նոր մեխանիզմ կգործի

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջարկվել է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության և ուղղորդման, ինչպես նաև երեխաների հետ համապատասխան աշխատանքների իրականացման կարգ։ Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով կարգավորվում են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող, կրթական, այդ թվում՝ նախադպրոցական ու արտադպրոցական, սպորտային և մշակութային գործառույթներ իրականացնող կազմակերպություններում, ինչպես նաև արդարադատության համակարգի մարմիններում բուլինգի դեպքերի հայտնաբերմանը, արձագանքմանը, պաշտպանությանը և ուղղորդմանն առնչվող հարաբերությունները, հայտնում է Արմենպրեսը:

Նախագծում արձանագրվել է, որ բուլինգը երեխայի նկատմամբ բռնության մասնավոր դրսևորում է։ Կարգով նախատեսված քայլերը պետք է իրականացվեն՝ հիմք ընդունելով բուլինգի ենթարկված երեխայի լավագույն շահերը և միաժամանակ հաշվի առնելով բուլինգ գործադրած երեխայի լավագույն շահերը։

Բուլինգի ենթարկված կամ բուլինգի վտանգի ներքո գտնվող երեխաների դեպքերում անհրաժեշտ միջամտություններն իրականացնելու է համայնքում երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացած սոցիալական աշխատողը։ Գործընթացն ուղղված է լինելու երեխային ու նրա ընտանիքին աջակցություն տրամադրելուն, ռիսկերը գնահատելուն, անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելուն, բուլինգի հետևանքները հաղթահարելուն և դրա կրկնությունը կանխարգելելուն։

Նախագծով նախատեսվում է, որ կազմակերպության ղեկավարը պետք է պարբերաբար մշտադիտարկի բուլինգի դրսևորումները, ներքին կարգապահական կանոններում ներառի բուլինգի կանխարգելման և բացահայտման ընթացակարգեր, մշակի գործողությունների պլան, կազմակերպի աշխատողների ուսուցումը, ինչպես նաև սահմանի երեխայի պաշտպանության թիմի կազմն ու համակարգողին։

Բուլինգի դեպքերը հայտնաբերելու նպատակով նախատեսվում են երեխաների վարքագծի և հուզական վիճակի ամենօրյա դիտարկումներ, անանուն հաղորդումների համար «վստահության արկղերի» կամ առցանց հարթակների ներդրում, ինչպես նաև մեկուսացված կամ թիրախավորված երեխաների բացահայտմանն ուղղված հարցազրույցներ։

Հայտնաբերման ընթացքում մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն ֆիզիկական, վարքագծային և սոցիալական նշաններին՝ վնասվածքներին, անձնական իրերի վնասմանը կամ կորստին, ուսման առաջադիմության անկմանը, կազմակերպություն հաճախելուց հրաժարվելու փորձերին, մեկուսացմանը, հաղորդակցման դժվարություններին կամ սոցիալական միջավայրից առանձնացման դեպքերին։

Նախագծի համաձայն՝ բացահայտված կամ ենթադրյալ բուլինգի յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի՝ անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմամբ։ Դեպքի գրանցումից հետո թիմի համակարգողը 12 ժամվա ընթացքում պետք է տեղեկացնի թիմին և մասնագիտացված սոցիալական աշխատողին։

Կարգով նաև սահմանվել է, որ բուլինգի կամ ենթադրյալ բուլինգի վերաբերյալ հաղորդում ստանալուց հետո վստահված աշխատողը առաջնային անհատական զրույց է անցկացնում բուլինգի ենթարկված երեխայի, բուլինգ իրականացրած երեխայի և դեպքին ականատես երեխաների հետ՝ յուրաքանչյուրի հետ առանձին։

Եթե երեխայի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, կազմակերպությունն անհապաղ հաղորդում է ներկայացնում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։

Բուլինգի դեպքերի հետ կապված աշխատանքներն առաջարկվել է իրականացնել փուլային եղանակով՝ դեպքի նախնական վերհանում և արձանագրում, տեղեկատվության առաջնային գնահատում, փաստական հանգամանքների վերլուծություն, մասնագիտական աջակցության տրամադրում, 30-օրյա մշտադիտարկում և հետագա գնահատում։

Նախագծով սահմանվել է, որ դեպքը կարող է կարգավորված համարվել, եթե 30-օրյա մշտադիտարկման արդյունքում հաստատվել է կայուն դրական առաջընթաց, և այդ արդյունքը պահպանվել է նաև հաջորդ վեց ամիսների ընթացքում։

Բուլինգի դեպքի ուսումնասիրությունն ավարտելուց հետո երեխայի պաշտպանության թիմը պետք է մշակի գործողությունների անհատական պլան ներգրավված երեխաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---