Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը![]() 29 հուլիսի 2026 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի առանցքը կազմող Մ-1 և Մ-2 միջպետական ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը։ Համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հայտնում է Արմենպրեսը։ Նախագծի համաձայն՝ կարգավորումը կտարածվի Մ-1 Երևան–Գյումրի–Բավրա և Մ-2 Երևան–Երասխ–Նորավան–Տաթև–Կապան–Մեղրի միջպետական ճանապարհների ամբողջ երկայնքով՝ մինչև Հայաստանի պետական սահմանը։ Արգելքը կգործի նաև այդ ճանապարհների տարանցիկ հատվածներում, որոնք անցնում են բնակավայրերի, այդ թվում՝ Երևանի վարչական սահմաններով։ Փոփոխությամբ առաջարկվում է գովազդային վահանակի կամ գովազդի տեղադրման վերաբերյալ ներկայացված դիմումը մերժելու հիմք սահմանել, եթե այն նախատեսվում է տեղադրել նշված ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն ունի ռազմավարական, տրանսպորտային և լոգիստիկ կարևոր նշանակություն։ Դրա ամբողջական շահագործմամբ նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Հայաստանը լիարժեք ինտեգրել Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային երթուղիներին։ «Իրավական ակտի նպատակը Հյուսիս-հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող Մ-1 և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է»,- նշված է հիմնավորման մեջ։ Նախարարության գնահատմամբ՝ գովազդային վահանակները կարող են շեղել արագընթաց ճանապարհներով երթևեկող վարորդների ուշադրությունը և բացասաբար ազդել երթևեկության անվտանգության վրա։ Բացի այդ, տարբեր տեսակի, այդ թվում՝ ապօրինի կամ անխնամ վիճակում գտնվող վահանակները խաթարում են ճանապարհների արտաքին տեսքը։ Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |