Ադրբեջանցի պատմաբան. Մինչեւ 1930-ական թվականները «ադրբեջանցիներ» գոյություն չեն ունեցել

PanARMENIAN.Net - «Ոչ մի ազգային գաղափար լինել չի կարող, քանի դեռ մենք չենք կողմնորոշվել մեր ազգային ինքնության պահպանման հարցում»,- ադրբեջանական «Հայելի» թերթի շաբաթօրյա համարում հրապարակած իր «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում եւ ու՞ր ենք գնում» հոդվածում հայտնում է ԱԳԱԱ Ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդ Ալեքփերլին:



Ալեքփերլին հայտնում է, որ մինչեւ 1930-ական թվականների ստալինյան ռեֆորմները «Ադրբեջան» պարզապես գոյություն չի ունեցել եւ նման անվանումը կցվել է Ստալինի կամքով, մինչդեռ 1918-1920թթ. Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության եւ Խորհրդային Ադրբեջանի ժողովրդի պաշտոնական անվանումն ընդհուպ մինչեւ 1936թ. եղել է turk:



«Կորցնելով ազգային ինքնությունը` մենք ընկղմվեցինք վեճերի մեջ այն մասին, թե ով ենք մենք` շումերների, ալբանացիների, միդացիների, թե մեկ այլ ժողովրդի հետնորդները: Այդ հոգնեցուցիչ ու հիմար վեճերը վերջ չունեն եւ չեն էլ ունենա, քանի դեռ մենք չենք կանգնել բնական պլատֆորմի վրա եւ չենք ճանաչում, որ «ադրբեջանցի» արհեստական, անդեմ անվան տակ կոծկված են իրական էթնոսներ` հիմնականում թուրքեր, ինչպես նաեւ քրդեր, թալիշներ, թաթեր, լեզգիներ եւ այլն»,- արձանագրում է ադրբեջանցի պատամաբանը:



«Մեզ մինչ օրս «թուրք» են անվանում հայերը, պարսիկները եւ այլ ժողովուրդներ»,- ընդգծում է Ալեքփերլին:



Պատմաբանը վստահ է, որ ոչ ոք իրենց չի շփոթի Թուրքիայի թուրքերի հետ, եւ օրինակ է բերում արաբական պետությունները, ինչպես նաեւ Իրանի ադրբեջանցիներին, որոնք «դարեր ի վեր իրենց turk են անվանում, բայց այդպես էլ թուրքական թուրքերի չեն վերածվել եւ չեն էլ վերածվի»:



Ալեքփերլին մտավախություն է հայտնում, որ «ադրբեջանցի» արհեստական էթնոանվան յուրացման արդյունքում ազգային ինքնության կորուստը հանգեցնում է ուծացմանն ու ժողովրդի ազգային դեմքի կորստին, նրա ռուսիֆիկացմանը, արեւմտականացմանը, մանկուրտիզացմանը եւ այլն, հատկապես ժամանակակից աշխարհում իրականացվող գլոբալիզացիայի քաղաքականության ճնշման ներքո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---