Հայաստանն առաջին անգամ արգենտինյան կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու

PanARMENIAN.Net -
Փետրվարի 23-ին Բուենոս Այրեսի Լատինամերիկյան արվեստի թանգարանի դահլիճում կայացել է «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը:



Վեցերորդ անգամ անցկացվող Պինամարի այս տարվա կինոփառատոնը, որը կայանալու է մարտի 6-13-ը, հատկանշական է այն առումով, որ առաջին անգամ դրան հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է Հայաստանը: Ժամանակակից հայկական կինոարվեստը ներկայացված է լինելու Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Ի դեպ, կինոռեժիսոր Գալստյանը ժամանելու է Պինամար եւ անձամբ է իր ֆիլմը ներկայացնելու արգենտինացի կինոքննադատների ու կինոհանդիսատեսի դատին:



Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում նշվելու է Հայաստանի օրը, որը սկսվելու է հայկական ֆիլմերի ցուցադրմամբ եւ ամփոփվելու է Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի անունից կազմակերպված ընդունելությամբ: Մյուս եվրոպական երկիրը, որ հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում է Պինամարի 6-րդ կինոփառատոնին` Հունաստանն է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Արգենտինայի մշակութային կյանքում կարեւորագույն այս միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլլոն, Կինոյի եւ աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեն, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոն, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարլոս Մորելլին, արգենտինացի հանրահայտ կինոռեժիսորներ, դերասաններ, ինչպես նաեւ` Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հունաստանի դեսպան Միքայել Քրիստիդեսը, Բուենոս Այրեսում հավատարմագրված եվրոպական այլ երկրների դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ, այդ թվում` արգենտինահայ լրատվամիջոցներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---