Եթե պատերազմ սկսվի, ԼՂՀ ՊԲ-ն ոչ թե իր տարածքում է պատերազմելու, այլ այնտեղ, որտեղ նրան դա հետաքրքիր և հարմար կլինի

Եթե պատերազմ սկսվի, ԼՂՀ ՊԲ-ն ոչ թե իր տարածքում է պատերազմելու, այլ այնտեղ, որտեղ նրան դա հետաքրքիր և հարմար կլինի

PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ պաշտպանության բանակը (ԼՂՀ ՊԲ) պատերազմական վիճակում է: Շփման գծում պահպանվում է ռազմական դրությունը, քանի որ տեղի են ունենում ռազմական գործողություններ, սակայն, անշուշտ, ոչ այնպիսի գործողություններ, ինչպես 90-ականների սկզբին, Ստեփանակերտում ԶԼՄ-ների համահայկական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ըստ նրա, բոլոր ռազմական դասագրքերում այսօրվա իրավիճակը բնութագրվում է որպես դիրքային պատերազմ:

Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ կառուցվածքին՝ նա ասել է, որ այն շատ ինքնատիպ է, տարբերվում է մյուս բոլոր երկրների բանակներից: «Նման բանակ կա միայն Իսրայելում և մեզ մոտ՝ Արցախում: Մենք շարունակում ենք հզորացնել մեր բանակը, չբավարարվելով 1994թ. հրադադարով, քանի որ հրադադարը չի երաշխավորում, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի: Այսօր լուրջ խնդիրներ կան, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է լուրջ բանակցություններ վարել Ղարաբաղի հետ: Կարելի է ասել, որ բանակցություններ չկան, քանի որ Արցախը դրանց չի մասնակցում»,-ասել է Հակոբյանը, հաղորդում է PanARMENIAN.Net –ի թղթակիցը Ստեփանակերտից:

ԼՂՀ ՊԲ նախարարը նշել է նաև, որ եթե Ադրբեջանը գոնե մեկ րոպե մտածեր, որ կարող է ուժով լուծել հակամարտությունը, ապա անհապաղ պատերազմ կսկսեր և չէր նայի միջազգային հանրության արգելքներին: «Եվ մենք գիտակցում ենք դա: ԼՂՀ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը, այն մտահոգիչ է, սակայն ոչ աղետալի»,-հայտարարել է նա:

Անդրադառնալով ադրբեջանական բանակին՝ Հակոբյանը նշել է, որ Ադրբեջանը սկսել է կառուցել իր բանակը մի քանի տարի առաջ, իսկ նման ժամկետում նորմալ բանակ չես կառուցի: Խոսելով թվաքականի ու տեխնիկական հագեցվածության մասին՝ գեներալ-լեյտենանտն ասել է, որ մեծ բանակն ու բազմաքանակ տեխնիկան փոքր տարածքներում միշտ չէ, որ հարմար են կիրառության համար՝ հավելելով, որ ղարաբաղյան բանակի տեխնիկական հագեցվածությունը ավելի բարձր մակարդակի վրա է:

«Եթե պատերազմ սկսվի, ԼՂՀ ՊԲ-ն իր տարածքում չի պատերազմելու, այն այլնտեղ, որտեղ հետաքրքիր և հարմար կլինի ԼՂՀ ՊԲ-ին»,-ասել է Հակոբյանը: Նա նշել է նաև, որ բանակի մարտական ոգին շատ բարձր է և յուրաքանչյուր զինվոր պատրաստ է կատարել իր պարտքը: «Ոչ մի դիվերսիա անպատիժ չի մնում, մենք ցանկանում ենք մեր պայմանները թելադրել առաջին գծում: Ինչ վերաբերում է դժբախտ պատահարներին բանակում, ապա նման բաներ միշտ են լինում: Սակայն մենք վճռական ենք տրամադրված իրավիճակը շտկելու հարցում և դրականը բանակում շատ ավելին է, քան բացասականը»,-ասել է Հակոբյանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---