Հայաստանում ԱՄՆ դեսպանը Սինոփսիս Արմենիա ընկերությանը մրցանակ հանձնեց «Գերազանց կորպորատիվ գործունեության համար»

Հայաստանում ԱՄՆ դեսպանը Սինոփսիս Արմենիա ընկերությանը մրցանակ հանձնեց «Գերազանց կորպորատիվ գործունեության համար»

PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ Դեսպան Մարի Յովանովիչը Սինոփսիս Արմենիային հանձնեց «Գերազանց կորպորատիվ գործունեության համար» մրցանակը, որը սահմանվել է ԱՄՆ էկոնոմիկայի, էներգետիկայի և գյուղատնտեսական հարաբերությունների քարտուղար Ռոբերտ Հորմաթսի կողմից:

Ինչպես իր ելույթում նշեց Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ընկերությունը ճանաչվել է լավագույնը որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ և օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ կրթական ծրագրերով և աշխատում է Հայաստանում աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ` տնկելով հազարավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետևանքները կանխելու համար. Սինոփսիս Արմենիայի աշխատակիցները 6 տարվա ընթացքում ավելի քան 3 հազ. ծառ են տնկել մայրաքաղաքին տարբեր հատվածներում: Նա համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մի շարք կազմակերպություններին, ՀՀ կառավարությանն ու Հայաստանի նախագահներին:

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի երեք առաջատար բուհերի` Երևանի ճարտարագիտական համալսարանի, ԵՊՀ և ՌՀՀ ռեկտորներին ու աշխատակիցներին, որոնք հետ միասին մենք միկրոէլեկտրոնիկայի երեք ամբիոն ենք հիմնադրել: Այսօր դրանք միկրոէլեկտրոնիկայի ոլորտում տարեկան 150 բարձր որակավորմամբ երիտասարդ ինժեներներ ու ծրագրավորողներ են պատրաստում: Սինոփսիսն ամբողջ աշխարհում համագործակցում է հարյուրավոր համալսարանների հետ, սակայն Հայաստանում նրա գործունեությունն ունիկալ է»,- ասաց Հովիկ Մուսայելյանը: Սինոփսիս Արմենիան 12 այլ մասնակիցների թվում ընտրվել է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած ռեկորդային 78 հավակնորդների շարքից: Եզրափակիչ փուլ անցած մյուս հավակնորդների թվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Cisco-ն (ներկայացուցչությունն Իսրայելում), Intel-ը (Կոստա-Ռիկա), Coca-Cola-ն (Սվազիլենդ), PepsiCo-ն (Հնդկաստան) և այլն: 2010թ. մրցանակաբաշխության երեք հաղթողները հայտնի կդառնան 2010թ. աշնանը ԱՄՆ Պետքարտուղարի կողմից մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---