«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան $28,2 մլն կուղղի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի կատարմանը

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք հատկացման ծրագրային 20-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ մոտ $29 մլն, որից $28,2 մլն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են:

Ընթացիկ եռամսյակի ավարտի դրությամբ ծրագրի փաստացի և կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է $138,2 մլն: 20-րդ հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախավերջին հայտն է: Վերջին` 21-րդ հայտը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային կներկայացվի 2011թ. սեպտեմբերին և կներառի ծրագրի փակման գործընթացին առնչվող ծախսերը: Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի $176,5 մլն:

Կառավարման խորհուրդը հաստատել է նաև ծրագրի փակման պլանի հավելվածներում կատարված փոփոխությունները:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ամփոփ զեկուցումը ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Քննարկվել են նաև Մայր ջրանցքների և պոմպակայանների վերականգնմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---