Արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան վերադարձնելն ընդամենը Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու փորձ է

Արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան վերադարձնելն ընդամենը Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու փորձ է

PanARMENIAN.Net - ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը առաջընթաց չի ակնկալում առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: «Այն, որ Հայ-թուրքական արձանագրությունները վերադարձվել են Թուրքիայի խորհրդարանի օրակարգ, անսպասելի չէր: Նրանք միշտ եղել են թուրքական խորհդարանի օրակարգում, սակայն Անկարան ոչ մի քայլ չի ձեռնարկել դրանք վավերացնելու համար»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, Արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգ վերադարձնելն ընդամենը Հայաստանի վրա ճնշում գործադրելու հերթական լծակ է, որպեսզի Երևանը ետ չվերցնի իր ստորագրությունն Արձանագրություններից: «Բացի դրանից, Անկարան ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ գործընթացը շարունակվում է: Սակայն պարզ է, որ այդ երկիրը ցանկություն չունի վավերացնելու Արձանագրությունները»,- ասել է նա: Մանոյանի խոսքով, Թուրքիային ձեռնտու է, որպեսզի դրանք չվավերացվեն, քանի որ այդ դեպքում երկիրը ստանում է այն, ինչ ցանկանում է, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ճնշման լծակներ:

Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---