Կասկադում երկու նոր արձան է հայտնել՝ ձկան տեսքով և ջրում ընկղմված մարդկային գլխի կերպարանքով

Կասկադում երկու նոր արձան է հայտնել՝ ձկան տեսքով և ջրում ընկղմված մարդկային գլխի կերպարանքով

PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) բացօթյա Խանջյան հարթակում տեղադրվել են երկու նոր բրոնզե քանդակներ` բրիտանացի արվեստագետ Դեյվիդ Բրոյեր-Վեյլի հեղինակած «Այցելուն» 2011թ., որը ստեղծվել է Ջերարդ Գաֆէսճեանի պատվերով հատուկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղադրվելու համար, և «Ծածանը», որը 2000 թվականին հեղինակել է ֆրանսիացի արվեստագետ Ֆրանսուա-Քսավիե Լալանը:

Այս երկու քանդակներն ընդլայնում են Գաֆէսճեան քանդակների պարտեզում և Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված մոնումենտալ քանդակների տպավորիչ ընտրանին: Այստեղ արդեն իսկ ներկայացված են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ֆերնանդո Բոտերոն, Ժաումե Պլենզան, Բարրի Ֆլանագանը և Լին Չեդվիքը: Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուի մաս կազմող քանդակների տեղադրումը Կասկադ համալիրում կատարվել է պարոն Գաֆէսճեանի նախագծով:

Դեյվիդ Բրոյեր-Վեյլը բրտիտանացի քանդակագործ է(ծնվ. 1965թ.): «Այցելուն» արվեստագետի կողմից ստեղծված առաջին մոնումենտալ քանդակն է, որը համալրում է արվեստագետի բրոնզե քանդակների նոր շարքը: «Այցելուն» կարելի է դիտարկել իբրև մարդկության կղզի` ֆիգուրի ամբողջականացումը թողնելով դիտողի երևակայությանը: Քանդակի մակերեսին թողնված արվեստագետի մատնահետքերը ուռճեցված են` ուժգնացնելով ստեղծագործության զգայական ազդեցությունը:

Ֆրանսուա-Քսավիե Լալանը (1927 - 2008) սկսել է իր ստեղծագործական ուղին Մոնպարնասում` բնանկարներից և դիմանկարներից: Ֆրանսուա-Քսավիե Լալանի քանդակներն առանձնանում են աբսուրդի հատուկ շեշտադրությամբ: Համաչափությունը խախտված է, ուրվագծերն ու մանրամասերը` պարզեցված: Արտառոց մասշտաբի և ենթատեքստի շնորհիվ «Ծածանի» պես քանդակները կարծես ոչ թե բնություն են պատկերում, այլ գրականություն, հեքիաթ: Լալանի կենդանիները զվարճալի են և զարմանալի:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները բերել Հայաստան և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի` Ջերարդ Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնը կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի լայնածավալ հավաքածուն: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---