Լարիսա Ալավերդյան. Մարդու իրավունքների խախտումներն ընտրությունների ժամանակ սկսվեցին 1995-1996թթ.

Լարիսա Ալավերդյան. Մարդու իրավունքների խախտումներն ընտրությունների ժամանակ սկսվեցին 1995-1996թթ.

PanARMENIAN.Net - Հայաստանում մարդու իրավունքների խախտումներն ընտրությունների ժամանակ սկսվեցին 1995-1996 թվականներից: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, ներկայումս` «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Այդ պահերը որոշիչ էին»,- ընդգծել է Ալավերդյանը: Նրա խոսքով` հենց այդ տարիներին Հայաստանում ներդրվեցին ընտրությունների ժամանակ խախտումների մեթոդները, որոնք օգտագործվում են նաև հիմա:

Ընդ որում, Ալավերդյանը հավելել է, որ չի ցանկանում ողջ մեղքը բարդել այն ժամանակվա իշխանությունների վրա, քանի որ այդ ժամանակից ի վեր Հայաստանում երկու անգամ իշխանություն է փոխվել, սակայն ընտրությունների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության գործում ոչ մի առաջընթաց այդպես էլ տեղի չի ունեցել: «Ոչինչ չի փոխվել: Պարզապես մարդու իրավունքների խախտման մեթոդներն ավելի կատարելագործված և կոպիտ են դարձել»,- նշել է նա: Այս կապակցությամբ նա հիշեցրել է 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, երբ ընտրությունների ժամանակ խախտումներից հետո իշխանությունները կարգադրեցին կրակ բացել ժողովրդի վրա:

Ալավերդյանն անդրադարձել է նաև ընտրությունների ժամանակ խախտումների պրոֆիլակտիկայի հարցին` նշելով, որ օրենսդրության մեջ նման գործողությունների համար պատասխանատվություն է ամրագրված, սակայն գլխավոր խնդիրը իրավակիրառման պրակտիկան է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---