«Մարդամեջ» SICamp-ի հաղթողն է «Հասարակական տրանսպորտի չվացուցակ» նախագիծը

«Մարդամեջ» SICamp-ի հաղթողն է «Հասարակական տրանսպորտի չվացուցակ» նախագիծը

PanARMENIAN.Net - Երեկ ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը (SICamp)։

Նոյեմբերի 18-20-ը ճամբարի մասնակիցներն աշխատեցին 6 գաղափար-նախագծերի շուրջ և երեկ կայացած մրցանակաբաշխության ժամանակ ճամբարի ժյուրին հայտնեց հաղթող նախագիծը։ Ներկայացված 6 նախագծերից Լիլիթ Մանուկյանի «Հասարակական տրանսպորտի չվացուցակ» նախագիծը շահեց 4000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը։

Այս նախագծի շուրջ մի թիմում աշխատել են վեց էնտուզիաստներ։ Նրանք ստեղծել են mytransport.am նախագիծը, որի միջոցով յուրաքանչյուր մարդ կիմանա ինչպես հասնել Ա կետից Բ կետ, թե ինչ երթուղայիններ կան և ուր են գնում և ինչ արժե օրինակ Ծաղկաձոր հասնելու տոմսը։

Թիմի մասնակիցներից Սերգեյ Սարգսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ թիմի հաջորդ քայլը լինելու է տեղեկատվական բազայի ստեղծումը և այն օգտագործելու գործիք դարձնելը. «Դրամաշնորհը մեր գաղափարի լուրջ առաջընթացի համար բավականաչափ է։ Մենք արդեն զրուցել ենք Երևանի քաղաքապետարանի հետ՝ տրանսպորտի և երթուղիների տեղեկատվական բազան տրամադրելու խնդրանքով, որն էլ մեր կայքի առանցքն է լինելու»։

«Մարդամեջ»-ի ժամանակ մասնակիցների համակրանք մրցանակը ստացավ մասնակից Սամվել Մարտիրոսյանի հեղինակած iLike «Հազար ու մի մանրուք» կենցաղային խորհրդատվական սոցիալական ցանցը։

«Մարդամեջ» SICamp-ի տնօրեն Մանանա Ասլամազյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կազմակերպիչ-հովանավորներից երկուսը սահմանել են ևս երկու դրամաշնորհ, որոնք կշնորհվեն «Մարդամեջ»-ի այն նախագծերին, որոնք արդեն Երևանում ավելի լավ կմշակվեն և հետո կներկայացվեն որպես դրամաշնորհի թեկնածու։ Նա նաև նշեց, որ գոհ է SICamp-ի արդյունքներից. «Ես շատ գոհ եմ, սակայն հիմա արդեն գիտեմ, թե ինչը ավելի լավ պետք է անել եկող տարի, ինչը կփոխեի։ Կարծում եմ, պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել նախապատրաստական աշխատանքներին, կազմակերպել սեմինարներ մասնակիցների համար, որ նրանք ծանոթանան այն նոր պլատֆորմներին, որոնք կարող են օգտագործել իրենց նախագծերն իրականացնելու համար»։

«Մարդամեջ» SICamp-ը ֆինանսավորվում էր UNDP-ի և USAID-ի կողմից։ Ճամբարին աջակցում էին նաև Ինտերնյուս Հայաստանը և SICamp-ի գաղափարի հիմնադիրները։

Սոցիալական նորարարության ճամբար աշխարհում առաջին անգամ անցկացվել է 2008-ին երեք անգլիացիների կողմից` Քրիստիան Ալերտի, Դեն ՄըքՔիլանի և Պոլ Միլերի: Նրանք, ոգեշնչվելով ԲարՔեմփերի և Հաքաթոների հաջող անցկացվող մոդելներով, հասկացել են, որ ընդամենը 24 ժամում կարելի է մշակել արդյունավետ վեբ լուծումներ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---