// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանի նախագահ. «Հավերժական քաղաքում» խաչքարի բացումը թույլ կտա իտալացիներին ավելի լավ ծանոթանալ հայ մշակույթին

Հայաստանի նախագահ. «Հավերժական քաղաքում» խաչքարի բացումը թույլ կտա իտալացիներին ավելի լավ ծանոթանալ հայ մշակույթին

PanARMENIAN.Net - Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ մեծ հաճույքով է այց կատարում հիասքանչ Հռոմ, որի պատմությունը սերտորեն առնչվում է հայերի ու հայ ժողովրդի պատմության հետ: Նախագահի խոսքով, Հռոմեական ֆորումի պատի վրա գտնվող չորս հնագույն քարտեզներից անգամ ակնհայտ է, որ ժամանակին Հռոմեական կայսրությունն ու Հայաստանը հարևաններ են եղել՝ երկու սահմանակից, ինքնիշխան պետություններ, և այսօր էլ Հայաստանն ու Իտալիան շարունակում են պատմական այդ ամուր հիմքի վրա արդյունավետ համագործակցել:

Նախագահ Սերժ Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ այսօր Հռոմի կենտրոնում տեղի է ունենում 13-րդ դարի հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությունը: Որպես հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկված հայկական խաչքարը, Նախագահի խոսքով, «Հավերժական քաղաքում» կխորհրդանշի հայ-իտալական բարեկամության հարատևությունը: Այն նաև մեծ հնարավորություն է Հռոմի բնակիչների և քաղաքի հյուրերի համար՝ ծանոթանալու և հաղորդակից լինելու հայկական մշակույթին: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հռոմի հետ տարեցտարի կզարգանա, և հայ-իտալական հարաբերությունների առավել սերտացման գործում քաղաքապետ Ջանի Ալեմանոյի ներդրումն ավելի զգալի կդառնա:

Հանրապետության ղեկավարը Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումը պատեհ առիթ է համարել շնորհակալություն հայտնելու ս.թ. նոյեմբերի 8-ին «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանը Հռոմի քաղաքապետարանի ցուցաբերած աջակցության համար: Հանդիպումից հետո Հռոմի և Երևանի քաղաքապետները Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Հռոմի կենտրոնում՝ Բրասկի թանգարանի դիմաց, բացել են հայկական խաչքարը: Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Ավելի ուշ կավարտվի Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ:Հռոմում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ: Օրվա ավարտին նախատեսվում է Նախագահի հանդիպումը Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ, աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության