19  12.05.14 - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժամանումը Երևան
10  12.05.14 - Մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողով
12  12.05.14 - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Ծիծեռնակաբերդ
8  13.05.14 - Շառլ Ազնավուրի համերգը Երևանում

Օլանդն արդեն Երևանում է. Հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը բացվել է (թարմացված)

Օլանդն արդեն Երևանում է. Հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը բացվել է (թարմացված)

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով այսօր՝ մայիսի 12-ին, Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կայացել է Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահներ Սարգսյանը և Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց՝ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին մասնակցելու:

Սերժ Սարգսյանը համաժողովի բացմանը նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի համար առանձնակի կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը:

«Համոզված եմ, որ հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Այդ առումով հայ և ֆրանսիացի ժողովուրդները երկար ճանապարհ են անցել՝ միմյանց ճանաչելու և սերտորեն գործակցելու առիթ ունենալով դեռ վաղ միջնադարից:

Հայաստանում վստահ ենք, որ գլոբալ մարտահրավերների և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում կայուն և կենսունակ տնտեսության զարգացումը հնարավոր չէ առանց լավ կառավարման, օրենքի գերակայության, արդյունավետ հանրային ծառայությունների և, իհարկե, թափանցիկ ու ազատ գործարար միջավայրի: Գործարար միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր հենասյուներից է: Այդ նպատակով նախաձեռնել ենք լայնածավալ տնտեսական բարեփոխումներ՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման և գրանցման, ներդրողների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում:

Այս ամենին զուգահեռ, Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որևէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարևորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը: Վստահ եմ, որ Եվրոպական երկրների կողմից Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին, էլ ավելի գրավիչ է դարձնում եվրոպական շուկաները մեր արտահանողների համար՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա: Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին: Դա են վկայում վերջին ժամանակաշրջանում միջազգային կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ ինդեքսները: Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի ազատական և գայթակղիչ է օտարերկրյա կապիտալի համար: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարևանությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ վերջին 22 տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև համակողմանի փոխշահավետ գործակցություն է զարգացել, որի արդյունքում ունենք դինամիկ օրակարգ և առանձնաշնորհյալ հարաբերություններ.

«Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված մոտ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Սա, անշուշտ, ենթադրում է կարևոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները:

Մեզ համար պատիվ է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար»:

Նախագահը նաև հավելել է, որ Հայաստանը ներդրումային հետաքրքրություն կարող է ներկայացնել միջուկային էներգետիկայի, ինչպես նաև վերականգնվող, հատկապես երկրաջերմային էներգետիկայի բնագավառներում. «Նախագահ Օլանդի և ինձ համար շատ կարևոր է, որ մեր երկրների գործարար շրջանակները փոխշահավետ համագործակցություն ծավալեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում՝ մասնավորապես դեղագործության, գյուղատնտեսության, գինեգործության, ոսկերչության, տեքստիլ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության ոլորտներում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ ընդլայնում է մեր քաղաքական երկխոսության ներուժն ու ընդգրկումը:

Երևանի և Փարիզի միջև «Ֆրանսիական ավիաուղիների» կողմից կանոնավոր իրականացվող ուղիղ չվերթը, 2013թ. հունվարի 1-ից Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս. թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համար:

Գործակցության խթանման գործում առավել ակտիվ դերակատարություն պետք է ստանձնեն Մարսելում, Նիցցայում, Փարիզում գործող Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատները՝ սերտորեն համագործակցելով Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ:

Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաև գործարարությունը խթանելու հանգամանքներից: Ուստի, պատրաստ ենք ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա, ուր ստեղծվում են նաև ազատ տնտեսական գոտիներ, որոնցից առաջինն արդեն բացվել է և նախատեսվում է Հայաստանում մեծ թափով զարգացող նորարարական տեխնոլոգիաների արտադրության համար: Ի դեպ, այս ոլորտում ներդրումներ են կատարել համաշխարհային համբավ վայելող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Սինոփսիսը», «Մայքրոսոֆթը», «Սիմենսը»: Վստահ եմ, որ այս հնարավորությունները կհետաքրքրեն նաև Ձեզ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը` համաժողովը հայտարարելով բացված:

Իր հերթին նախագահ Օլանդը նշել է, թեպետք է գտնեն Հայաստանի՝ Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուն:Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ Օլանդը նկատել է, որ Ֆրանսիայում ապրում է 500 հազար հայ, բայց երկու երկրների տնտեսական արդյունքներին նայելիս պարզ է դառնում, որ անելու շատ բան կա․ պետք է նախևառաջ Ֆրանսիայի գործարար հանրությանը ծանոթացնել հայաստանյան շուկային:

Ֆրանսուա Օլանդը ոգևորիչ է համարել հանգամանքը, որ վաղը Սերժ Սարգսյանի հետ միասին այցելելու են ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի երևանյան հիպերմարկետ՝ տեսնելու, թե ինչ ֆրանսիական և հայկական ապրանքներ են առաջարկվելու հաճախորդներին:

«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտում»,- եզրափակել է Օլանդը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այնուհետև երկու երկրների նախագահներն ուղևորվել են Ծիծեռնակաբեր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Հաջորդիվ նախագահներ Սարգսյանն ու Օլանդը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել են երկու երկրների ղեկավարների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Հայաստանի նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք:

Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---