ՀՀ վարչապետ․ Սահմանամերձ գյուղերի գործարարները կազատվեն բոլոր հարկերից

ՀՀ վարչապետ․ Սահմանամերձ գյուղերի գործարարները կազատվեն բոլոր հարկերից

PanARMENIAN.Net - Կառավարությունն այսուհետ ավելի ուշադիր է լինելու սահմանամերձ գյուղերի բոլոր խնդիրների նկատմամբ` փորձելով հնարավորության սահմանում դրանց լուծում տալ: Որպեսզի բնակիչները չլքեն այդ գյուղերը, պետք է աշխատանք ունենան, օգոստոսի 6-ին Լոռի աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն այժմ օրենքի նախագիծ է պատրաստում, համաձայն որի սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողները կազատվեն բոլոր հարկերից։ Գործադիրի ղեկավարի խոսքով, օրինագիծը սեպտեմբերին կներկայացվի Ազգային ժողով:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը նաև անդրադարձել է վերջին օրերին սահմանի լարված իրավիճակին՝ նշելով, որ կրակոցները միշտ եղել են, իսկ այդ ակտիվությունը կապել է նաև Սոչիում օգոստոսի 8-9-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահների հանդիպման հետ:

«Այս միջադեպերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ այսօր Արցախի և Հայաստանի բանակներին ձեռնոց նետելու հնարավորություն չունեն: Յուրաքանչյուր զինվորի կորուստ մեծ կորուստ է բոլորիս համար, և մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»,- նշել է վարչապետը:

Օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է օգոստոսի 8-9-ին հանդիպեն Սոչիում, որտեղ կբանակցեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել էր նաև Կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներինն է։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով էլ, Սոչիում Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, և, հավանաբար, կքննարկվի նաև ղարաբաղյան թեման:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին բանակցությունները նոյեմբերին էին՝ Վիեննայում։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարները չէին հանդիպել մոտ երկու տարի:

Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ՊՆ օպերատիվ տվյալների համաձայն` այդ ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 28 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 5025 կրակոց:

Այդ ընթացքում, ինչպես նաև այսօր՝ օգոստոսի 7-ի առավոտյան, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակոմ են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Ինչպես Կառավարության օգոստոսի 7-ի նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ: Այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000: Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։ Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, ականանետեր և այլն:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---