Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում հայտարարել է, որ կառավարության հակակոռոպցիոն քաղաքականության կամքը 2018 թվականից մինչ օրս ոչ մի միլիմետր չի նահանջել։

«Մեր պայքարը ոչ միայն չի նահանջել, այլև հակառակը` կոռուպցիայի դեմ մեր պայքարն ավելացել է։ Շատ է ասվում, որ 2018-ից հետո հակակոռուպցիոն քաղաքականության մեջ շատ մեծ քայլերով առաջընթաց արձանագրեցինք, հետո այն դանդաղեց, բայց պետք է հաշվի առնել, որ ինչքան առաջընթաց ես ունենում, այնքան հետագա առաջընթացը դժվար է դառնում»,– ընդգծել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ վարչապետի` այն, ինչ քաղաքական կամքի հաշվին հնարավոր էր հասնել, հասել են 2018 թ. մինչ օրս, իսկ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» վերլուծության համաձայն Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի։ Վերլուծության մեջ «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նշում է, որ 2018-ի թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու տարիներին Հայաստանն (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների, սակայն հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով։

Ընդգծելով, որ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նշել է՝ սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---