Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից

Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար։

«Հայոց եկեղեցու Սրբազան Հայրերը` Տավուշի, Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները, մյուս հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից: Ի վերջո, սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»,–գրել է նա։

Թաթոյանը նաև նշել է, որ Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է նաև այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը, իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած՝ «շարունակաբար մոլորեցրել են մարդկանց, թաքցրել են առաջանալիք խնդիրները ու հիմա բերել-հասցրել են այս օրհասական վիճակի և այս ամենն արել են հանուն սեփական պաշտոնների, սեփական քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու»:

Նա բացարձակ անընդունելի է համարել հատկապես կանանց և երեխաների նկատմաբ բռնության կիրառումը:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Կիրանցում ոստիկանների հետ բախումից հետո իրավիճակը որոշակիորեն հանդարտվելուց հետո խոսքով դիմել է տավուշցիներին՝ նշելով, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի, հայտնում է Aysor.am-ը։

«Այսօր դուք այստեղ հաղթանակի հիմքերն եք դրել։ Ոչ ոք ո՛չ այդ պատիվը, ո՛չ այդ հաղթանակը ձեզնից ու մեզնից չի կարող խլել։ Դուք՝ ընդամենը մի բուռ ժողովուրդ, խառնել եք իրար հաշիվները։ Տեսնում եք՝ զոռով, բռնությամբ, ինչպես ասես՝ փորձում են իրենցն առաջ տանել, բայց այս գործընթացը պետք է կասեցվի։ Պիտի այս շունչը տարածվի ամեն քաղաք, ամեն գյուղ, ամեն դպրոց ու հաամալսարան, ամեն ավտոբուս ու միկրոավտոբուս։ Պիտի՛ տարածվի։

Կիրանցը, Բաղանիսը, մեր գյուղերը 30 տարի շարունակ պահել են ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, որպես սահմանապահ ժողովուրդ՝ Հայաստանի դարպասները պահած ժողովուրդ։ Հիմա ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մեր մյուս սահմանապահ բնակիչների իրավունքներն ու կյանքը։ Ամբո՛ղջ Հայաստանը։ Դրա ժամն է»։

Իր հերթին, «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին։ Երբեք մի ասա երբեք...»։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---