// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հայաստանը զբոսաշրջության բնագավառում կարող է արագ և բեկումնային զարգացում գրանցել

Բեկոր Փափազյան.

Հայաստանը զբոսաշրջության բնագավառում կարող է արագ և բեկումնային զարգացում գրանցել

PanARMENIAN.Net - Արդեն մի քանի տարի է , ինչ զբոսաշրջությունը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Չնայած պետության և մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվող քայլերին, այս ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների: Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական միության, Միջին Արևելքի առաջատար գործարարների համագործակցության հիմքի վրա ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից մեկը պետություն-մասնավոր հատված փոխգործակցության միջոցով ազգային մրցունակության հասելն է ինչպես առողջապահության, կրթության, այնպես էլ զբոսաշրջության և այլ ոլորտներում: Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների, անելիքների ու նորարարական մտահղացումների իրականացման ուղիների մասին PanARMENIAN.Net գործակալության հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Հայաստանի կառավարության կողմից զբոսաշրջությունը հռչակվել է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Ձեր գնահատմամբ, զարգացման ի՞նչ փուլում է գտնվում այս ոլորտը Հայաստանում:
Զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ լինելու առաջնային թեկնածու ոլորտներից է: Իհարկե, Հայաստանի ազգային մրցունակությունը միայն տուրիզմի վրա չի կարելի կառուցել, բայց այս ոլորտը մեծ կարևորություն ունի մի քանի պաճառով: Առաջինը` Հայաստանի պատմամշակութային և բնական հարստությունը ինքնին մրցակցային առավելություն է: Սա անպայմանորեն պետք է արժևորել: Երկրորդը` տուրիզմը արտահանման ոլորտ է, իսկ մենք արտահանման հարցում լուրջ խնդիր ունենք: Երրորդը` զբոսաշրջությունը ֆինանսական հոսքեր, ներդրումներ է ուղղորդում դեպի մարզեր: Այս առումով իսկապես զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է, և համոզված եմ, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում կարող է մրցունակ լինել: Համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում հնարավոր է անգամ 2 տարում արդյունքեր տենսել տուրիզմի բնագավառում: Մեր մասնակցությամբ Տաթևում «ՏաԹևեր» ճոպանուղու բացումը նպաստեց զբոսաշրջիկների հոսքին: Միայն 2010-ի նոյեմբեր ամսվա տուրիստական հոսքը դեպի Տաթև ավելի շատ էր, քան ամբողջ 2009 թվականի ընթացքում: Սա ապացուցում է, որ հնարավոր է արագ, բեկումնային զարգացում ապահովել զբոսաշրջության բնագավառում:

Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնք խանգարում են զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:
Զբոսաշրջությունը տուժում է այն բոլոր խնդիրնրից, որոնք կան մյուս բնագավառներում: Զարգացմանը որոշ չափով խանգարում է շուկայի ոչ բաց ու փոքր լինելը: Բայց մեր կարծիքով, հիմնական խնդիրը ծառայությունների բավարար մակարդակի բացակայությունն է և Հայաստանի ճանաչելիության ցածր մակարդակը: Ես միշտ ասում եմ, որ արտասահմանցին Հայսատան չի գալիս ոչ այն պատճառով, որ Հայաստանում հանգստանալը շատ թանկ է համարում, կամ քանի որ կարծում է, թե ենթակառուցվածքները բավարար զարգացած չեն, այլ այն պատճառով, որ չգիտի Հայաստանի մասին, կամ ենթադրում է, որ այս երկիրը հետաքրքիր չէ տուրիզմի համար: Հետևաբար, մենք նոր ծառայությունների փաթեթներ պիտի մշակենք և դրանք ուղղակիորեն խթանենք արտասահմանում` ճիշտ ընտրելով մեր թիրախները: Մեր կարծիքով, այսօր հայկական զբոսաշրջության համար առաջնային թիրախը Արևմտյան Եվրոպան է:

Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը գրավիչ է միայն պատմական հուշարձաներով, վանական համալիրներով: Ուրիշ էլ ինչո՞վ Հայաստանը կարող է հետաքրքրել արտասահմանցիներին:
Իսկապես, մենք բացառիկ մշակութային հարստություն ունենք: Բայց դա բավարար չէ: Պետք է բազմազանություն ապահովել: Հետևաբար, պետք է ստեղծել գյուղական, քարանձավային, մշակութային, խոհանոցային տուրիզմի համար անհրաժեշտ ծառայություններ, ու այդ ամենը փոխկապակցված ձևով ներկայացնել արտասահմանի տուրօպերատորներին: Մեկ երթուղիում պետք է ապահովել բազմազանություն, մի քանի ծառայություններ համատեղել:

Զբոսաշրջիկներին Հայաստան այցելելուց հաճախ հետ է պահում ավիատոմսի և հյուրանոցային ծառայությունների բարձր գինը: Սա չի՞ ազդում Հայաստան այցելող զբոսաշրջիկների աճի վրա:
Տուրօպերատորները ևս նշում են, որ եթե, ասենք, 20 % էժան լինի ավիատոմսի և հյուրանոցի գինը, ապա անհամեմատ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կգան Հայաստան: Հայաստանը միգուցե տարածաշրջանում ամենաթանկ տուրիզմը չի առաջարկում, բայց գներն այստեղ օպտիմալ չեն: Համակարգային խնդիրներից` մենաշնորհներից, բիզնեսի համար անբարենպաստ միջավայրից, հարկերից բացի, պահանջարկի խնդիր կա: Իրականում տուրիստների թիվը փոքր է, և նաև այս պատճառով դժվար է էժան գին սահմանել: Եթե կարողանանք ավելացնել զբոսաշրջիկների քանակը, ապա գները կնվազեն, և դա իր արդյունքը կտա:

Հայաստանում զբոսարջիկներ հաճախ անվանում ենք Սփյուռքի հայերին, ովքեր այցելում են Հայաստան: Ինչպե՞ս անել, որ ավելի շատ արտասահմանցիներ այցելեն Հայաստան:
Ապացուցված է, որ Սփյուռքից տուրիզմը մեծ ներուժ ունի: Բայց մեր հիմնական թիրախը պիտի լինի օտարերկրացին: Ոչ միայն սփյուռքահայերը, այլ նաև ՀՀ քաղաքացիները նույն պահանջներն են ներկայացնում, ինչ օտարերկրացիները: Օրինակ` խոհանոցային, քարանձավային, գյուղական տուրիզմը ինչպես մեզ, այնպես էլ արտասահմանցիներին, նույնպես հետաքրքրում է: Այլ հարց է, որ այս նոր զբոսաշրջային արդյունքները կամ դեռևս մշակած չեն, կամ դրանք բավարար չեն խթանվել:

Անդրադառնանք Հիմնադրամի կողմից թիրախային գոտի համարվող Սևանին և Հարավային միջանցքին: Տվյալ գոտիների զարգացման ի՞նչ փաթեթներ կան մշակված:
Հարավային միջանցքը մեր ամենաինտենսիվ գործունեության գոտին է այս տարի: Այդ գոտում ներուժն իսկապես ամենաքիչ օգտագործվածն է: Եղեգիսը, Արենին, Նորավանքը, Սիսիանը, Քարահունջը, Ուխտասարը, Տաթևը, Գորիսը զբոսաշրջության համար հոյակապ վայրեր են: Խթանելով ծառայաություններն այնտեղ` մենք ավելի շատ զբոսաշրջիկ կներգրավենք, ինչը կնպաստի նաև ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Սևանում նույնպես մեծ հնարավորություններ կան: Մասնավորապես, այնտեղ հիմա մշակում ենք բարձր լեռնային գոտու սպորտային տուրիզմի զարգացման հատուկ փաթեթ, որը կարևոր ծրագիր է:

Հայաստանի հարավային շրջաններում են կենտրոնացած երկրի հիմնական հանքարդյունաբերական կենտրոնները: Որքանո՞վ է սա խանգարում զբոսաշրջության արգացմանը Հարավային միջանցքում: Ի՞նչն է, ըստ Ձեզ, ավելի նպատակահարմար, խթանել այդ տարածքներում հանքարդյունաբերության, թե տուրիզմի զարգացումը:
Անկախ տուրիզմից, ես, ինչպես ՀՀ քաղաքացիների մեծ մասը, կարևորում եմ Հայաստանի բնական հանածոների ճիշտ օգտագործումը: Եթե անգամ մի կողմ թողնենք բնապահպանական խնդիրները, որոնք իսկապես շատ կարևոր են, զբոսաշրջության հետ մեծամասամբ անհամատեղելի է հանքարդյունաբերությունը: Տուրիզմը, ինչպես հանքարդյունաբերությունը, կարող է մեծ եկամուտներ, ներդրումներ բերել: Բայց հանքարդյունաբերությունը սպառվող ոլորտ է, իսկ զբոսաշրջությունը, ընդհակառակը, զարգացող և ինքնավերականգնվող: Հանքարդյունաբերության դեպքում եկամուտները կենտրոնացվում են մի քանի կազմակերպությունների ձեռքում, համայնքները հանքերից ստացվող գումարի միայն մի շատ փոքր` չնչին մասն են ստանում ուղղակիորեն: Բացի այդ, հանքարդյունաբերությունը առաջ է բերում առողջապահական խնդիրներ: Հետևաբար, մենք պետք է քաղաքականություն մշակենք, համաձայն որի Հարավային միջանցքում հանքարդյուբերությամբ զբաղվեն խիստ վերահսկվող ու հատուկ դեպքերում:

Անցած տարի Տաթևի ճոպանուղու բացումը մեծ իրադարձություն էր, որով Հայսատանը ևս մեկ անգամ հայտնեց իր մասին աշխարհին: Նմանատիպ ի՞նչ նոր նախաձեռնություններով հանդես կգա Մրցունակության հիմնադրամը:
Տաթևի հետ կապված ծրագիրը միայն ճոպանուղու բացմամբ չի սահմանափակվում: Տաթևի համար կան մեծ ծրագրեր, որոնց համար ներդրումներ ենք ակնկալում: Իհարկե, խնդիր էր դրված, որ ճոպանուղին լինի ամենաերկարը, որովհետև դրանով է ապահովվում Հայաստանի գովազդն աշխարհում: Այսինքն` բացի վանական համալիրից, զբոսաշրջիկին տրամադրում ենք բազմազանություն` ժամանցը կազմակերպելու համար: Տեղացիների համար սա ևս շատ կարևոր իրադարձություն էր, քանի որ նրանք համոզվեցին, որ իրենց համայնքում նեդրումներ են կատարվում:

2011-ի ծրագրերը, ինչպես հիմնադրամի գործունեության նախորդ երկու տարիների ընթացքում, բավական բազմազան են և լայնածավալ: Մեր գործունեության ուղղություններն այս տարի կրկին կլինեն զբոսաշրջությունը, միջուկային բժշկությունը և սկսում ենք բարձրագույն կրթության ծրագիրը: Միջուկային բժշկության ոլորտում մասնավորապես նախատեսում ենք սկսել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս կազմող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շինարարության աշխատանքները, որպեսզի մինչև 2012 թվականի ավարտը, երբ Հայաստան կտեղափոխվի նախորդ տարի ձեռքբերված արագացուցիչը` ցիկլոտրոնը, շենքը պատրաստ լինի: Սա բավական մեծ ուշադրություն և ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Հավելեմ, որ թեև զբոսաշրջության ոլորտի համեմատությամբ միջուկային բժշկության ծրագիրը այդքան արագ վերադարձնելիություն չունի, բայց դրա ազդեցությունը Հայաստանի առողջապահության ոլորտի մրցունակության վրա կլինի նույնքան հիմնավոր և զանգվածային: Այսինքն` ստեղծելով Ուռուցքաբանության գերազանցության կենտրոն` որոշակի, բայց էական փոփոխությունների կենթարկվի ողջ առողջապահությունը` սկսած ծառայությունների մատուցման ձևից և մակարդակից, վերջացրած պարտադիր բժշկական ապահովագրության հարցով:

Ինչ վերաբերվում է բարձրագույն կրթության ծրագրին, ասեմ, որ այս տարի մենք ակտիվորեն կաշխատենք դրա հայեցակարգի մշակման և հավանական ներդրողներ գտնելու ուղղությամբ:

2010 թվականը բեղմնավոր տարի էր Մրցունակության հիմնադրամի համար: Ի?նչ ծրագրեր կան 2011-ի համար:
2011-ի ծրագրերը զբոսաշրջության ոլորտում շատ են ու բազմազան: Զբոսաշրջության ծրագրի շրջանակներում 2011 թվականին նախատեսվում է ակտիվորեն շարունակել Զբոսաշրջության հարավային միջանցքի զարգացման ծրագիրը` ներառյալ հյուրատների (նախատեսվում է 5-10 իջևանատների ու հարակից հյուրընկալության ծառայության ծրագրեր), «Հայկական խոհանոցի» ծրագիրը, այդ ուղղությամբ մշակել քայլարշավային երթուղիներ, իրականացնել խոշոր միջազգային միջոցառումներ «Հայկական խոհանոցի ծրագրի» շրջանակներում, սկսել նոր ծրագրեր Զբոսաշրջային միջանցքների զարգացման շրջանակներում, մշակել ներդրումային ծրագրեր, աշխատել մասնավոր ներդրողներ գտնելու ուղղությամբ, աշխատել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, խթանել Հայաստանը որպես հետաքրքրաշարժ զբոսաշրջային ուղղություն` ներկայացնելով մեր երկիրը 6 հեղինակավոր տուրիստական ցուցահանդեսներում, ստեղծել նոր տեղեկատվական կենտրոններ, հրավիրել 25 լրագրողների թիրախային շուկա համարվող պետություններից, մշակել նոր տեղեկատվական կայք: «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ամբողջ թափով կշարունակվեն վանական համալիրի վերականգնման աշխատանքները, Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ նախատեսում ենք մշակել վանական կյանքի վերականգնան նախագիծ: Նաև ծրագրում ենք Տաթևին հարակից նվազագույնը մեկ գյուղում ֆինանսավորել և իրականացնել սոցիալական ենթակառուցվածքի նախագիծ, ինչպես նաև վեց գյուղերում կազմակերպել եռամսյակային համայնքային միջոցառումներ` տեղեկացվածության և ներգրավածության մակարդակը բարձրացնելու համար, Արենի գյուղում աշնանը կազմակերպելու ենք Գինեգործության խոշոր տոնախմբություն` կապելով այն աշխարհում ամենահին գինեգործական տեղանքի հայտնաբերման հետ և այլն:

Տուրիզմի զարգացման համար կարևոր է նաև համագործակցությունը միջազգային տուրօպերատորների, ընկերությունների հետ: Այս ուղղությամբ Հիմնադրամն ի՞նչ աշխատանք է տանում:
Մենք այս տարի մասնակցելու ենք նվազագույնը 4 միջազգային ցուցահանդեսների: Այս շաբաթ Բեռլինում մասնակցում ենք խոշորագույն ցուցահանդեսի, ուր հնարավորություն կունենանք ուղղակիորեն հանդիպել տուրօպերատորների հետ: Ամենաարդյունավետ գործիքը համագործակցության համար նման ցուցահանդեսների ժամանակ տուրօպերատորների հետ ուղղակիորեն աշխատելն է:

Ցուցահանդեսի ժամանակ մենք ներկայացնելու ենք Հայաստանը և այն նոր զբոսաշրջային արդյունքները, որոնց վրա աշխատել ենք նախորդ տարի, և որոնք զբոսաշրջիկների նոր հոսքեր կապահովեն դեպի մեր երկիր` մասնավորապես դեպի հարավ:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News