Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց

Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց

Ինչ արժե պետությանը դավաճանելը

Հայաստանում պետական դավաճանության և լրտեսության թեման ծանր է հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Շոկային ալիքն ամեն անգամ տարածվում է ԱԱԾ-ի բացահայտումներին զուգահեռ: Խոսակցությունները թարմացան, երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Հայաստանի տարածքում գործող լրտեսական ցանց է չեզոքացվել՝ 19 զինծառայող ձերբակալվել է:

PanARMENIAN.Net - Պետական դավաճանության կամ լրտեսության մեղադրանքով դատապարտվելը գուցե ամենացավոտ և նվաստացուցիչ հոդվածն է: Դատական նիստերը լուսաբանող լրագրողը հիշում է, թե ինչպես էին 2012-ին պետական դավաճանության մեջ մեղադրվողների դատավճիռը լսելիս բարեկամները հուսահատ ասում «Երկու սպանություն կվերցնեմ վրաս, բայց հայրենիքի դավաճանությա՞ն համար նստացնեն․․․»։

Քրեական օրենսգրքի 299 հոդվածով պետական դավաճանությունը պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 302 հոդվածով էլ լրտեսությունը պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ: Պատերազմից հետո Ազգային Ժողովն ընդունեց քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն էականորեն խստացրեց պետական դավաճանների և լրտեսների պատիժը: Այն ուժի մեջ կմտնի 2022-ի հուլիսի 1-ից: Պետական դավաճանությունը կպատժվի 15-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ: Լրտեսությունը՝ 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ:

44-օրյա պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն հայտնեց պետական դավաճանության երկու դեպքի մասին: Առաջինը՝ հոկտեմբերի 1-ին: ԱԱԾ տվյալով նախկին բարձրաստիճան զինվորականը տարիներ շարունակ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ էր հավաքել, մեկնել Վրաստան և ադրբեջանական հետախուզական ծառայություններին մաս-մաս փոխանցել էր այդ տեղեկությունները: Երկրորդ դեպքի մասին ԱԱԾ-ն հայտնեց նոյեմբերի 5-ին:

10 տարում՝ 2011-2021 թվականներին պետական դավաճանության հոդվածով ԱԱԾ քննչական դեպարտամենտը հարուցել է 7 քրեական գործ: Նույն ժամանակահատվածում լրտեսության հոդվածով 6 քրեական գործ է հարուցվել:

Պետական դավաճանության կամ լրտեսության մեջ մեղադրվողները հայրենիքը վաճառում են ամենատարբեր գներով ու մեթոդներով: Պետական դավաճանության հոդվածով մեղադրվողներից մեկն օրինակ, ցուցմունքում նշում էր, որ Ադրբեջանը 20 հազար դոլար է խոստացել, բայց 4500 դոլար է տվել: Մեկ այլ դեպքով, որը բացահայտվեց 2016-ին, նախկին զինվորականին մեղադրում էին պետական և ծառայողական գաղտնիքը 700 դոլարի և հեծանիվի դիմաց վաճառելու մեջ: Վերջերս բացահայտնված մեկ այլ գործով քաղաքացին անհրաժեշտ տեղեկությունը փոխանցել էր թշնամուն՝ 1500 դոլարի դիմաց:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
Վարորդներին ԳԱԶազացրին Ինչ է կատարվում վառելիքի շուկայում
---