Կյանքից հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նախագահ Համլետ Թամազյանը:

PanARMENIAN.Net - Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նախագահ, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժության նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր Համլետ Սերգեյի Թամազյանը:

Ծնվել է 1947թ. մայիսի 1-ին Հայկական ԽՍՀ Թումանյանի շրջանի Օձուն գյուղում, բանվորի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Գրիբոյեդովի անվան դպրոցում: 1966թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որը 1972 թ. ավարտելուց հետո գործուղվել աշխատանքի ք. Ալավերդի, որպես վիրաբույժ: 1973-77թթ. երիտասարդ վիրաբույժը ղեկավարել է Ախթալայի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, իրեն դրսևորելով որպես բարձրակարգ վիրաբույժ:

1977-1978թթ. ղեկավարել է Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը: 1983թ. պրոֆեսոր Ա.Միքայելյանի կողմից հրավիրվել է ղեկավարելու ԽՍՀՄ Բժշկական ԳԱ Վիրաբուժության Համամիութենական Գիտական Կենտրո¬նի Երևանյան մասնաճյուղի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը: 1986թ. Հ. Թամազյանը ակադեմիկոս Պետրովսկու ղեկավարությամբ Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1995թ.` դոկտորական ատենախոսություններ:

1992թ. հոկտեմբերից Հ.Ս.Թամազյանը Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենն է ու գիտական խորհրդի նախագահը, 1994թ. մրցույթով ընտրվել է ՀՀ ԱԱԻ վիրաբուժության ամբիոնի վարիչ:

Զբաղվելով մանկավարժական գործունեությամբ և դասավանդելով Առողջապահության ազգային ինստիտուտում պրոֆեսոր Հ.Ս.Թամազյանը պատրաստել է բազմաթիվ մասնագետ-վիրաբույժներ, որոնք այսօր ղեկավարում կամ աշխատում են մեր հանրապետության տարբեր վիրաբուժական բաժանմունքներում:

Նա 231 գիտական աշխատությունների, 12 մենագրությունների, 5 գյուտերի, 4 մեթոդական ձեռնարկների հեղինակ է, եղել է 8 դոկտորական և 37 թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար: Նրա ղեկավարությամբ իրենց ետդիպլո¬մային կրթությունն են ստացել 108 կլինիկական օրդինատորներ և ասպիրանտներ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Սերգեյ Թամազյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 1-ին ժամը 17:00-ին Ամառանոցային փողոց թիվ 239 հասցեում, հուղարկավորությունը` մարտի 2-ին ժամը 14:00-ին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---