Boeing-ի կործանումը. Նոր վարկած, Պետդեպի խոստովանությունն ու մալազիական փորձագետների եզրակացությունը

Boeing-ի կործանումը. Նոր վարկած, Պետդեպի խոստովանությունն ու մալազիական փորձագետների եզրակացությունը

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ներում հայտնվել է Ուկրաինայի արևելքում կործանված մալազիական Boeing-ի կործանման նոր վարկած: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, աղբյուրը Ուկրաինայի ուժային կառույցներից մեկում հայտարարել է, որ աղետի օրը Ուկրաինայի ՀՕՊ ստորաբաժանումները վարժանք էին անցկացնում, կապված հրթիռների արձակման համակարգի գործարկման հետ, որի ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակը կարող էր ինքնաթիռի կործանման պատճառ դառնալ:

Մալազիական ավիաուղիների Boeing 777-ը կատարում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչքը։ Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, ինքնաթիռը բախվել է հրթիռին։ Ինքնաթիռում գտնվողները զոհվել են։ Malaysia Airlines-ի տվյալներով, դրանում 283 ուղևոր է եղել, որոնցից երեքը՝ երեխա, ու անձնակազմի 15 անդամ:

«Հուլիսի 17-ին 156-րդ զենիթահրթիռային գնդի հրամանատարին հրահանգվել էր մարտական հաշվարկների վարժանք անցկացնել, նպատակ ունենալով սատարել ցամաքային զորամիավորմանը Դոնեցկի արվարձանում՝ ծավալել դիվիզիոնները, մշակել թիրախների ուղեկցումը, կատարել թիրախների պայմանական ոչնչացման ողջ ալգոռիթմը ԶՀՀ «Բուկ-Մ1» հրթիռների միջոցով, պատմել է աղբյուրը:

Ըստ նրա, չնայած, որ գումարտակների հրամանատարներին հանձնվել էին հրթիռների գործարկման համար նախատեսված ապաարգելակիչ բանալիները, 9М38М1 հրթիռի իրական գործարկում նախատեսված չէր: «Վարժանքին մասնակցելու համար Կուլբակինո ավիաբազայից Սու-25 երկու ինքնաթիռ էր գործուղվել Դնեպրոպետրովսկ: Նրանց առջև խնդիր էր դրվել օդային հետախուզում անցկացնել և ստուգողական թիրախներ նշել Դոնեցկից դեպի արևմուտք հատվածում»:

«Երբ ինքնաթիռներից մեկը հայտնվեց «Բուկ»-ի հայտնաբերման գոտում, այն ուղեկցման վերցվեց գումարտակի մարտական հաշվարկի կողմից, որը գտնվում էր Զառոշչենսկոե բնակավայրի մոտ: Հավանաբար, ողբերգական պատահականությամբ, որոշ ժամանակ անց մալազիական Boeing-ի և Սու-25-ի երթուղիները համընկել են, չնայած էշելոնների տարբերությանը, և էկրանների վրա վերածվել մի մեծ կետի, ինչը ճակատագրական եղավ ուղևորատար ինքնաթիռի համար՝ երբ թիրախները համընկնում են ուղեկցման համակարգն ավոտմատ կերպով թիրախավորում է այն օբյեկտը, որն ավելի մեծ մակերես ունի»,-ասել է նա:

Աղբյուրը չկարողացավ բացատրել հրթիռի չարտոնված գործարկման պատճառը: «Դրանով զբաղվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց մոտ են գտնվում գումարտակի անձնակազմն ու հրամանատարը»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ քննության ընթացքի մասին տվյալներ չունի: Մինչդեռ անկախ փորձագետները Նիդերլանդներից առգրավել են մալազիական Boeing-ի սև արկղերը: Նրանց կարծիքով, սարքի վրա կողմնակի միջամտության հետքեր չկան:

Փորձագետները կարծում են, որ սև արկղերի մեջ պարփակված տեղեկատվությունը հավաստի է, այն կվերլուծվի խոսակցությունների ինքնագրիչ սարքի տվյալների հետ միասին, որը հայտնաբերվել էր երեկ: Նիդերլանդների անվտանգության խորհուրդը համակարգում է ինքնաթիռի կործանման հետաքննությունը:

Հայտնի է, որ ինքնագրիչ սարքերի վերծանումն անցնում է Մեծ Բրիտանիայում, այն իրականացնում է միջազգային փորձագետների խումբը: Տվյալներն անմիջապես չեն հրապարակվի: Դրանք կներկայացվեն Նիդերլանդների իշխանությունները, որոնք իրենք կորոշեն, թե «ինչ կարելի է հրապարակել»: Հոլանդիան կգլխավորի միջազգային հետաքննությունը, գրում է Բլոկնոտ. ռու-ն:

Ըստ «Գործարար կվառտալ» պարբերականի, Մոսկվայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը հայտնեց, որ ՌԴ ՊՆ փաստաթղթերը Malaysia Airlines ինքնաթիռի կործանման վերաբերյալ ստացվել են և մասնագետները ձեռնամուխ են եղել ուսումնասիրության:

«Ես հիմա չեմ կարող գուշակել, թե ինչ գնահատական մենք կտանք, բայց այս պահի դրությամբ տեղեկատվությունը գնահատվում է»,-ասել է Ուշացկասը:

Իր հերթին ԱՄՆ-ն մինչ օրս չգիտի, թե «ում մատն է սեղմել» կոճակը, որի արդյունքում ոչնչացվեց Ուկրաինայի երկնքում թռչող մալազիական ինքնաթիռը: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մերի Հարֆը խոստովանել է դա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ի տարբերություն ՌԴ-ի, ԱՄՆ-ն մինչ օրս չի հրապարակել իր հետախուզության տվյալներն այն մասին, թե ինչ էր կատարվում հուլիսի 17-ին ավիավթարի գոտում: Այն հարցին, թե մտադիր է արդյոք Վաշինգտոնը դա անել, մասնավորապես, պատասխանել ռուսական կողմի հարցերին, Հարֆը նշել է, որ ամերիկյան տվյալները կտարածվեն ըստ հնարավորության ու անհրաժեշտության: Իսկ ռուսական տվյալների գնահատականի վերաբերյալ դիվանագետն ասաց, թե ԱՄՆ-ն «խորապես հավատում է կատարվածի սեփական գնհատականին»: Այնուհետև Հարֆը շարադրել է ԱՄՆ արդեն հայտնի դիրքորոշումը, հիմնված, ըստ նրա, տարբեր աղբյուրների տվյալների վրա: «Մենք գտնում ենք և հավատում ենք, որ SA-11 («Բուկ») հրթիռը գործարկվել է ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող տարածքից,-ասել է նա:-Մենք տարածել ենք լուսանկարը, որտեղ պատկերված է հրթիռի հետագիծը: Այն հիմնված է գաղտնի տեղեկատվության վրա, մենք չենք կարող բացատրել, թե որտեղից է մեզ դա հայտնի: Մենք նաև տեղեկատվություն ենք տարածել այն մասին, թե ինչու ենք մենք համարում, որ երկու այլընտրանքային վարկածները, որ առաջ են քաշել ռուսները, ճշմարտանման չեն»: Խոսքը այն վարկածների մասին է, թե ինքնաթիռը կարող է կործանված լինել ուկրաինական կառավարական զորքերի կողմից՝ կամ կործանիչից, կամ զենիթային հրթիռով ցամաքից: «Մեր կարծիքով, հետաքննությունը պետք է շարունակել,-ասել է դիվանագետը:-Պետք է որոշել, թե ում մատն է սեղմել կոճակը: Մենք մինչ օրս դա չգիտենք: Ինչպես չգիտենք նաև դրդապատճառները, որով դա արվել է»:

Հարֆը հաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավոր ընդունմանը ԵՄ կողմից, մասնավորապես, այն պատճառով, որ մալազիական ինքնաթիռի աղետը «չի կարելի անպատիժ թողնել»: Ուստի լրագրողները խնդրել են ճշտել, թե որն է հետաքննության իմաստը, եթե Վաշինգտոնի համար արդյունքներն արդեն պարզ են:

Հարֆն այստեղ ոչ մի կանխակալ մոտեցում չի տեսնում: «Մենք գիտենք, թե ով է ամիսներ շարունակ սատարում անջատողականներին: Մենք գիտենք, որ առանց ՌԴ անմիջական աջակցության այդ անջատողականներն ընդհանրապես չէին կարող գտնվել Ուկրաինայի արևելքում և անել այն, ինչով հիմա զբաղվում են»,-ասել է Հարֆը:

Ըստ «Գլավկոմի», ավիացիոն համալիրների մարտական արդյունավետության գծով ռուս փորձագետ Վադիմ Լուկաշևիչը ցինիկ է համարում որոշ ռուսական ԶԼՄ-ների այն վարկածները, թե Դոնբասում աղետի ենթարկված Boeing-777-ը, գուցե Malaysia Airlines-ի այն ինքնաթիռն է, որը Կուալա Լումպուրից Պեկին էր ուղևորվում այս տարվա մարտի 7-ին: «Այս վարկածը մեր (ռուսական) ԶԼՄ-ներում շատ ցինիկ բնույթ է ստանում: Ասում են, թե ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը սադրանք է, քանի որ դիակները թարմ չեն: Պատկերացնո՞ւմ եք այն մարդու պարանոիկ վիճակը, որը կարող է այս ողբերգության մասին նման բաներ հայտարարել»,-ասել է Լուկաշևիչը:

Նա հիշեցրել է, որ աղետի վայրում հայտնաբերված անձնագրերն, այն մարդկանց էին պատկանում, որոնք դրանից մի քանի ժամ առաջ Ամստերդամում գրանցվել էին այդ չվերթի համար:

«Մարտի 7-ին անհետացած ինքնաթիռը չի հասել Պեկին, նա իր համարանիշն ուներ, այս մեկը՝ միանգամայն այլ: Այն ինքնաթիռն իր մասերի մակնշումն ուներ, սա՝ մեկ այլ: Յուրաքանչյուր ագրեգատ, յուրաքանչյուր սարք, յուրաքանչյուր հանգույց ինքնաթիռում մակնշված է, ուստի դրանք եղել են միանգամայն տարբեր ինքնաթիռներ, ինչը շատ հեշտ է հաստատել: Ինչպես թղթադրամն ունի իր անհատական համարը»,-ասել է փորձագետը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը հայտարարել է, որ մալազիական փորձագետները, որոնք աշխատում են օդանավի կործանման վայրում, այն եզրակացության են եկել, որ աղետի պատճառը հրթիռային հարձակումն է եղել: Այդ մասին են վկայում ինքնաթիռի գնդակոծված բեկորները: «Խոսքը, մասնավորապես, օդանավի երեք բեկորների մասին է: Մալազիական փորձագետները եկել են այն եզրակացության, որ այդ անցքերի պատճառը մետաղյա բեկորներն են եղել, հրթիռներից անջատված»,-հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---