Սիրիայի բանակն ազատագրել է Լաթաքիայի Բաշուրան. Թուրքական սահմանից 8 կմ հեռավորությամբ է

Սիրիայի բանակն ազատագրել է Լաթաքիայի Բաշուրան.  Թուրքական սահմանից 8 կմ հեռավորությամբ է

PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիա նահանգի հյուսիսում գտնվող Էլ Բաշուրա բնակավայրը։

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակն այնտեղից դուրս է մղել ահաբեկչական խմբավորումներին, որոնք փախուստի են դիմել դեպի թուրքական սահման։

«Էլ Բաշուրան անվտանգ շրջան է հայտարարվել այն բանից հետո, երբ սակրավորները վնասազերծել են տեղադրված ականները»,- հայտարարել են բանակային հրամանատարության ներկայացուցիչները, գրում է Tert.am-ը։

SANA-ի փոխանցմամբ՝ սիրիական զորքը գտնվում է Լաթաքիայի հյուսիսում՝ թուրքական սահմանից 8 կմ հեռավորությամբ։

Այդ շրջանում կառավարական զորքի դեմ պայքարում են «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ախրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումները, որոնց շարքերում շատ են վարձկանները, ինչպես նաև «Սուլթան Աբդուլ Համիդի ջոկատը», որի անդամները հիմնականում էթնիկ թուրքմեններ են։

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը Հալեպի հյուսիսում ու արևելքում՝ ընդլայնելով երկրի հյուսիսային մայրաքաղաքի ու թուրքական սահմանի միջև իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։

Փետրվարի 6-ին կառավարական ուժերը հաջողության են հասել Ռաբիա շրջանում։ Նրանք վերադարձրել են ռազմավարական բարձունք համարվող շրջան ու Ալիա բնակավայրը։

Բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից:

Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման:

Փետրվարի 3-ին նաև հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ: Բանակը հունվարի 25-ին Դարաա նահանգում զինյալներից ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը: Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով:

Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---