Օսման Կոկեր. Օսմանյան կայսրության հայերը պետության պարծանքն էին

PanARMENIAN.Net - «Թուրքիայում միշտ ուսումնասիրել են միայն մեկ ազգի` թուրքերի պատմությունը: Երբեմն թվում է, թե այստեղ միայն այդ ազգն է բնակվել: Երբ մենք խոում ենք հայերի մասին, նրանց չենք ընկալում որպես հանրության մաս, այլ միայն որպես խնդիրների աղբյուր: Ես որոշեցի հրատարակել այս գիրքը, լրացնելու համար այդ բացթողումը Թուրքիայի պատմության մեջ»,-ասել է թուրք պատմաբան եւ լրագրող Օսման Կոկերը Երեւանում «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» լուսանկարների ալբոմի շնորհանդեսին: Գրքում զետեղված են մինչեւ 1914թ. Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի կյանքի մասին պատմող փոստային բացիկներ եւ լուսանկարներ: Թուրք պատմաբանը բերում է վիճակագրական տվյալներ Օսմանյան Թուրքիայում եւ ժամանակակից Թուրքիայում հայերի թվաքանակի մասին:



1914 թվականին ըստ մարդահամարի Օսմանյան կայսրությունում ապրում էր 1,5 մլն հայ կամ բնակչության 9,37 տոկոսը: 1927թ.` 100 հազար (0,73%), 1965թ. Թուրքիայում մնում էր 80 հազար հայ (0,025%), իսկ 2008-ին` ընդամենը 60 հազար (0,08%): «Երբ ես սկսեցի բացիկներ հավաքել, պարզվեց, որ դրանք բոլորը գտնվում են տարբեր արխիվներում: Սակայն հանդիպումը հայտնի կոլեկցիոներ Օրլանդո Կարլո Կոլումելոյի հետ արագացրեց գործը` նա ուներ Օսմանյան Թուրքիայի ժամանակների շուրջ 8000 փոստային բացիկներ: Հենց նրա շնորհիվ հնարավոր դարձավ ցուցահանդես բացել Ստամբուլում, իսկ հետո Եվրոպայում` Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Թուրքիայում շատերին դուր չեկավ իմ ցուցահանդեսը: Պատճառը պարզ է` հայերը հսկայական դեր էին կատարում կայսրության տնտեսական եւ մշակութային կյանքում շուրջ 500 տարի շարունակ: Հռչակավոր ճարտարապետ Սինանը, որը կառուցեց Սելիմ սուլթանի եզակի մեջիթը, հայ էր: Ի դեպ, ես էլ եմ սերում այդ ընտանիքից: Ժամանակակից Թուրքիայում այդ փաստը լռության է մատնվում: Ավելին, անցյալ դարի 60-ականներին Սինանի գերեզմանը քանդեցին, գիտնականներն ամենայն լրջությամբ փորձում էին ապացուցել, որ գանգի ոսկորներից երեւում է, որ նա թուրք է եղել...Սինանի մասունքները պետք է տեղափոխվեին Անատոլիայի գանձերի թանգարան, սակայն հետո անհետացան»,-ասել է Կոկերը: Նա նաեւ հիշատակել է մեկ այլ հայտնի ընտանիքի` ճարտարապետներ Բալյանների մասին, որոնք կառուցել են Դոլմաբախչե պալատը, Հալեպի սբ.Աստվածածնի եկեղեցին, որն այժմ ավերված է:



Օսման Կոկերի խոսքերով, Օսմանյան կայսրության հայերը պետության հպարտությունն էին: «Մինչ 1914թ. միայն Ստամբուլում եղել է 47 եկեղեցի եւ 67 հայկական դպրոց, հրատարակվել է 158 ամենօրյա թերթ: Այժմ միայն երկուսն են գործում` «Ժամանակն» ու «Մարմարան»: Կա նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթը, բայց այն շաբաթաթերթ է: Աշխարհով մեկ հայտնի էին «Թոքաթլյան» հյուրանոցները, Իզմիթի թուրքական գորգերը հայտնի էին ամենուրեք եւ կազմում էին օսմանյան արտահանման մեծ մասը: Գորգագործության արվեստը Թուրքիա բերեցին իրանահայերը: Կա եւս մեկ փաստ, որի մասին լռում է պաշտոնական թուրքական պատմությունը: Քեմալականների առաջին կոնգրեսը տեղի է ունեցել Էրզրումում, «Սանասարյան» հայկական դպրոցում 1918թ. հունիսի 23-ին: Սակայն դրա մասին ոչ մի տեղ չի ասվում»,-ասել է Կոկերը` հավելելով, որ Օսմանյան կայսրությունում արդյունաբերության եւ առեւտրի 80 տոկոսը հայերի ձեռքում է եղել:



Թուրք պատմաբանը նշել է նաեւ, որ կազմակերպել է ցուցահանդես եւ գիրք է հրատարակել, առաջին հերթին, Թուրքիայի քաղաքացիների համար, որոնք չգիտեն իրենց պետության իսկական պատմությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---