Բրայզա. Հայաստանն ու Ադրբեջանը մինչև օդանավակայանի բացումը պետք է լուծեն թռիչքների անվտանգության հարցը

Բրայզա. Հայաստանն ու Ադրբեջանը մինչև օդանավակայանի բացումը պետք է լուծեն թռիչքների անվտանգության հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը մինչև Արցախում օդանավակայանի բացումը պետք է լուծեն թռիչքների անվտանգության հարցը, գտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «ԵՍ ԱՄՆ ղեկավարության դիրքորոշման կողմնակիցն եմ, որը գտնում է, որ կողմերը պետք է միասին հավաքվեն և քննարկեն այդ հարցերը նախքան Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի,- երեքշաբթի օրը լրագրողներին է ասել դեսպանը:- Մենք կարծում ենք, որ մանրամասները կարող են մշակվել», հաղորդում է Day.az-ը:

Ստեփանակերտում օդանավակայանի բացումը նվիրվում է Շուշիի ազատագրության օրվան, և ոչ ոք չի կասկածում, որ այն բացվելու է հենց մայիսի 9-ին: ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանի խոսքով, Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ է լինելու շահագործման: Ներկայումս ամփոփիչ աշխատանքներ են ընթանում: «Օդանավակայանը ժամանակակից տեխնիկայով է զինված: Ներկայումս մենք երիտասարդ մասնագետներ` դիսպետչերներ, ավիափոխադրումների և այլ ծառայությունների աշխատակիցների ենք ուսուցանում և պատրաստում»,- ասել է Ատբաշյանը:

Նրա հայտարարության հաջորդ օրը Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչնչացնելու է Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը` ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վերևում փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,- համարձակ հայտարարել է Մամեդովը: Այդ հայտարարությունները դատապարտվեցին Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների կողմից:

Իսկ Ստեփանակերտում հայտարարեցին, որ Ադրբեջանին չի հաջողվի ահաբեկել Ղարաբաղին ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքներով: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը կոչնչացնի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, վկայում է այն մասին, որ Ադրբեջանում միջնադարի մթնոլորտ է տիրում: Նման հայտարարությունների հեղինակները ոչ միայն անհավասարակշռված մարդիկ են, այլ առնվազն նացիստական գաղափարախոսության կողմնակիցներ ու կրողներ»,-ասել է Բաբայանը:

Ըստ նրա, միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա պաշտոնական Բաքվի նման հայտարարություններին, որոնք բացահայտ քրեական տարրեր են պարունակում: Դավիթ Բաբայանը նշել է նաև, որ սպառնալիքներով Ադրբեջանը փորձում է ահաբեկել արցախցիներին ու վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ԼՂՀ քաղաքացիները չօգտվեն օդանավակայանից: «Մենք վճռական ենք Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցում և ոինչ մեզ չի խանգարի դա իրականացնել: Մենք կօգտագործենք Արցախի օդային տարածքը անկախ նրանից դա դուր է գալիս Ադրբեջանին, թե ոչ: Իսկ եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը, դա անկանխատեսելի հետևանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի համար»,-ասել է Բաբայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---