Որոշակի իմաստով ղարաբաղյան կարգավորման «բախտը բերել է»

Թոմաս դը Վաալ.

Որոշակի իմաստով ղարաբաղյան կարգավորման «բախտը բերել է»

PanARMENIAN.Net - Անգլիացի լրագրող Թոմաս դը Վաալը այսօրվա դրությամբ ղարաբաղյան հարցում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է: Նրա վերջին «Սեւ այգի» գիրքը, որը հրապարակվել է ռուսերեն լեզվով, բանավեճերի առարկա է դարձել հակամարտության բոլոր կողմերի համար: PanARMENIAN.Net-ի խնդրանքով Թոմաս դը Վաալը կմեկնաբանի ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված որոշ հարցեր, որոնք առաջացան Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից հետո:
Ձեր «Սեւ այգի» գրքում Դուք գրում եք ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին: Սակայն չգիտես ինչու ոչ ոք չի խոսում Ադրբեջանի գրեթե կես միլիոնանոց հայ համայնքի մասին` չէ որ նրանք էլ են փախստականներ:

Ես ցանկանում եմ ասել, որ «Սեւ այգին» ղարաբաղյան հակամարտության համապարփակ պատկերը ներկայացնելու առաջին փորձն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առաջիկա խաղաղ պայմանագրով պետք է վերադառնալու իրավունք տրվի բոլորին, ովքեր կորցրել են իրենց տները: զուտ գործնական առումով ամեն ինչ շատ բարդ է` ավելի իրական է խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին Աղդամ եւ Ֆիզուլի, որտեղ ոչ ոք չի բնակվում: Ավելի բարդ է, սակայն դեռեւս կարելի է խոսել մարդկանց Լաչին եւ Շուշի վերադարձնելու մասին: Սակայն շատ դժվար է ակնկալել, որ մոտ ապագայում հայերը կվերադառնան Շահումյան կամ Բաքու, կամ ադրբեջանցիները` Հայաստան: Եթե նրանք չկարողանան վերադառնալ, ապա խոսք պետք է գնա փոխհատուցման մասին: «Սեւ այգի» գիրքը ղարաբաղյան հակամարտության համապարփակ պատկերը ներկայացնելու առաջին փորձն է: Որպես չեզոք մարդ, որը սակայն անտարբեր չէ Կովկասի հանդեպ, ես ջանում եմ գրել բոլորի տառապանքների մասին: Կարծում եմ, որ գրքում ես նշել եմ բոլոր ողբերգությունները, որոնք եղել են այդ տարիներին: Այժմ գիրքը ընթերցվում է տարածաշրջանում, եւ ես բողոքներ եմ լսում բոլոր կողմերից: «Ինչո՞ւ ավելի շատ չեք գրել այս կամ այն մասին»` հարցնում են ինձ: Դա հասկանալի է, սակայն գիրքը գրվել է նաեւ այն նպատակով, որ կարդալով, մարդիկ հիշեն օտարների աղետեների մասին, որ հայերը մտածեն ադրբեջանցիների արտաքսման մասին իրենց երկրից, իսկ ադրբեջանցիները` արտաքսված հայերի: Եթե խոսքը գնում է փախստականների մասին, ես գրում եմ Սումգաիթից, Բաքվից եւ Շահումյանից արտաքսված հայերի, եւ Հայաստանից, Ղարաբաղից եւ մերձակա տարածքներից վերաբնակեցված ադրբեջանցիների մասին: Եթե նրանք չկարողանան վերադառնալ, ապա խոսքը պետք է գնա փոխհատուցումների մասին:

Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ էր ադրբեջանական բանակը այդքան վատ պատերազմում, գրեթե առանց պայքարի հանձնելով ադրբեջանական բնակավայրերը:

Ղարաբաղյան հակամարտության գործում իր դերն ունեցավ մի մեծ գործոն` մշտական քաղաքական անկայունությունն Ադրբեջանում: Ճգնաժամային պահերին` Շուշիի եւ Լաչինի համար մղվող մարտերի ժամանակ ադրբեջանական ջոկատներն ուղղակի լքեցին քաղաքը, մասնակցելու համար ներքին քաղաքական խժդժություններին: Եվ տարածքների ամենամեծ կորուստը` Աղդամի, Ֆիզուլիի հանձնումը տեղի ունեցան 1994 թվականի անիշխանության ժամանակ:

Ըստ Ձեզ, ե՞րբ հայ եւ ադրբեջանական հասարակությունները ընդհանուր առմամբ պատրաստ կլինեն բանակցություններին եւ ո՞րն է զիջումների այն սահամանագիծը, որից այն կողմ կողմերը չեն անցնի:

Ցանկացած դիտորդի համար պարզ է, որ աշխարհագրական քարտեզը չես փոխի: Հայերն ու ադրբեջանցիները ստիպված են ապրել հարեւանությամբ: Ուստի շատ տխուր է տեսնել, թե ինչպես են երկու հասարակությունները` դրանց մեծամասնությունը, մինչեւ հիմա ապրում է հին հասկացություններով: «Ղարաբաղը մերն է եւ անբաժանելի է»: Ոչ ոք պատրաստ չէ փոխզիջումների, ուստի եւ շատ դժվար է հասնել լիակատար խաղաղության: Այս փաստի համար պատասխանատու են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունները: Խաղաղ պլանի ընդհանուր ուրվագծերն հասկանալի են` Ղարաբաղը դե-ֆակտո կպահպանի այն կարգավիճակը, որը նա այժմ ունի Հայաստանի հետ միջանցքով, Ադրբեջանը ետ կստանա մյուս տարածքները, փախստականներին իրավունք կտրվի վերադառնալ իրենց տները...Սակայն առանց երկխոսության եւ փոխադարձ վստահության չի լինի այն հիմքը, որի վրա հնարավոր լինի սկսել կարգավորման գործընթացը:

Ըստ Ձեզ, ի՞նչ են նշանակում Ադրբեջանում հաճախակի դարձած հայտարարությունները հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի երիտասարդ սերունդը առավել ռադիկալ է, քան նրանց ծնողները: Երբ ավագ սերունդն է դիտում քարոզչությունը հեռուստացույցով, ապա դա անում է վերապահումով` չէ որ իրենք ունեցել են հայ ծանոթներ եւ հիշողություն կա, որ ոչ բոլոր հայերն են օկուպանտներ եւ ավազակներ: Ադրբեջանի երիտասարդ սերունդը նման փորձ չունի եւ դա շատ վտանգավոր է, դա ուժեղացնում է պատերազմի կոչերը, խանգարում է բանակցային գործընթացին: Կարծում եմ, որ Հայաստանում լավ չեն հասկանում ադրբեջանցիների ցավը տարածքների կորստից: Ես արդեն չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, այլ այն մեծ տարածքների եւ քաղաքների մասին, որոնք այժմ բոլորովին դատարկ են եւ ավերված` Աղդամ, Ֆիզուլի, Ջաբարաիլ, Կուբաթլի...Սակայն հայտնի է, որ բոլոր խաղաղ ծրագրերի համաձայն այդ հողերը վերադարձվելու են: Հայերը պետք է բացահայտ հայտարարեն այդ մասին, որպեսզի Ադրբեջանի ծայրահեղականները մտածեն, թե ինչի համար են նրանք ուզում մարտնչել: Իրականում բոլոր հարցերի 90 տոկոսը լուծված է բանակցություններում, սակայն ամեն ինչին խանգարում է բուն Ղարաբաղի վիճահարույց կարգավիճակը:

Ինչպե՞ս եք գնահատում Ռամբույեում եւ Վաշինգտոնում կայացած բանակցությունները:

Ես կշտամբանքներ չունեմ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներին: Ես կարծում եմ, որ որոշ իմաստով ղարաբաղյան կարգավորման «բախտը բերում է» այն առումով, որ դրանով զբաղվում են երեք մեծ գերտերությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի փորձառու դիվանագետները: Շատ դժվար է խաղաղություն կնքել երկու նոր կիսադեմոկրատական պետությունների միջեւ, որոնք աճել եւ կայացել են այդ հակամարտության շնորհիվ եւ որոնք մինչ այժմ չափազանց վախենում են միմյանցից: Դրա հերթական ապացույցը Ռամբույեի բանակցություններն են:

Միջնորդները ցանկանում են ամեն գնով կարգավորել հակամարտությունը 2006 թվականին: Միթե՞ կարգավորումն այդքան ուղղակիորեն կապված է առաջիկա երկու տարիներին Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ:

Ներքաղաքական գործընթացները, առաջին հերթին ընտրությունները, խանգարում են բանակցային գործընթացին: Սակայն ես շատ վերպահումով եմ մոտենում նրան, որ այս տարի կարող է ճեղքում լինել: Թեեւ, կարծում եմ, որ անցումը փուլային կարգավորման քննարկմանն արդեն դրական նշան է: Հնարավոր է, որ դա նպաստի գործընթացի մեկնարկին:

Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարին:

Անձամբ ես հավանություն եմ տալիս ցանկացած գաղափարի, որը «հիմնված կլինի ժողովրդի կամքի ժողովրդավարական արտահայտման վրա»: 1991 թվականին Ղարաբաղում կայացած հանրաքվեն անց է կացվել առանց ադրբեջանական բնակչության, ուստի եւ լեգիտիմ չէ: Սակայն պետք է լինի մեխանիզմ, որով կվերականգնվեն ղարաբաղցի ադրբեջանցիների իրավունքները: Հյուսիսային Իռլանդիայում մենք տեսնում ենք այն բանի տխուր օրինակը, թե ինչպես մեծամասնությունը կիրառեց ժողովրդավարական գործընթացները, ճնշելու համար փոքրամասնությանը:
---