Ո՞վ է վրացիների անունից առաջարկում «մաքրել» Ջավախքը հայերից

PanARMENIAN.Net - Day.az կայքը տարածել է «Վրաստանի հայրենակիցների միության» (ՎՀՄ)հայտարարությունը, որտեղ ասվում է, որ նրանք պատերազմ են սկսում Ջավախքի հայ օկուպանտների դեմ»: ՎՀՄ-ի նախագահ Գոգի Չիպաշվիլու ստորագրած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այս օրվանից (սեպտեմբերի 18) ՎՀՄ-ն, որի շարքերում են շուրջ 2500 վրացի հայրենասերներ, իր կամավորական ջոկատներով, զենքը ձեռքին պատերազմ է սկսում հայ անջատողականների դեմ: Մենք մտադիր չենքն հանդուրժել հայ անջատողականների կողմից այն հողերի օկուպացիան, որոնք հազարամյակներ շարունակ պատկանել են մեր նախնիներին: Ցանկացած պահի մենք պատրաստ ենք զենքը ձեռքին պայքար սկսել շահախնդիր հայերի դեմ: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, հատկապես նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն, որոնք պայմաններ են ստեղծում հայերի անջատողականության զարգացման համար, ուշադիր լինել: Քանի որ բախումների եւ արյունահեղության համար պատասխանատվություն պետք է կկրի հենց պետության ղեկավարը: Այդ պարտիզանական պայքարում մենք կառավարությունից չենք ակնկալում ոչ մի օգնություն եւ աջակցություն: Մենք կոչ ենք անում Վրաստանի որդիներին, որոնք անկեղծորեն ցանկանում են, որ մեր երկիրը բարգավաճի, միանալ մեր ջոկատներին»: Հատկանշական է, որ Day.az-ում այս հրապարակմանը նախորդում է մի մեկնաբանություն, որտեղ ընթերցողներին «կոչ է արվում զգալ Հարավային Կովկասում նոր պատերազմի սպառնալիքը, հրահրած այժմ արդեն վիրահայերի գործողություններով»:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի ներկայացուցիչ Լեւոն Իսախանյանը, այդ հայտարարությունն «անհեթեթություն է սկզբից մինչեւ վերջ»: «Եթե նույնիսկ նման բան լիներ, ապա Վրաստանի անվտանգության ծառայությունն անհապաղ կկասեցներ նման գործողությունները: Եվ հետո, դա ուղղակի ծիծաղելի է, ի՞նչ կարող են անել 2500 հոգին Ջավախքի գրեթե 100 հազարանոց բնակչության դեմ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ հայտարարությունը տարածել է ադրբեջանական տեղեկատվական պորտալը, իսկ Վրաստանում այդ մասին ոչինչ չգիտեն»,-ասել է Իսախանյանը:



Իր հերթին, ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ուղղակի հորինվածք է համարել այդ հայտարարությունը: Այդպիսի հայտարարություն ուղղակի չի կարող գոյություն ունենալ»,-ասել է նա: PanARMENIAN.Net ի թղթակցին նման կարծիք է հայտնել նաեւ «Ջավախքի նորություններ» գործակալության խմբագիր Արմեն Գրիգորյանը: «Ջավախքում ոչ ոք չի էլ լսել ՎՀՄ կազմակերպության, կամ նրանց մտադրությունների մասին: Ի դեպ, հայտարարության տեքստն իր գաղափարով եւ լեզվաբանական առումով լիովին համապատասխանում է ադրբեջանական մամուլում մշտապես տպագրվող նյութերին»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---