Երեւանում անցնում են Մոսկվայի հայկական թատրոնի բարեգործական հյուրախաղերը

PanARMENIAN.Net - Մոսկվայի հայկական թատրոնը, որի գլխավոր հիմնադիրն է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, «Մոսկվայի տան», «Համազգային» թատրոնի հրավերով, եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանում:



Եռօրյա հյուրախաղերի ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնեն «Վայ, վայ կամ Վոյաժ հայկական ձեւով» ներկայացումը, բեմադրած XIX դարի վերջի - XX դարի սկզբի հայ դրամատուրգ Գրիգոր Տեր-Ալեքսանյանի պիեսի հիման վրա: Պիեսը շոշափում է Կովկասի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի հարցերը դարերի սահմանագծում: Իսկ սեպտեմբերի 29-ին` հյուրախաղերի վերջին օրը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի «Մենամարտ» ներկայացումը, բեմադրված ռոս դրամատուրգ Ալեքսեյ Ռիմովի պիեսի հիման վրա, որը շոշափում է չեչենական պատերազմի թեման: Երկու ներկայացումն էլ միջազգային եւ մոսկովյան թատերական փառատոններին գրավել են շատ մրցանակային տեղեր եւ դիպլոմներ: Մոսկվայի հայկական թատրոնի բոլոր ներկայացումները բարեգործական են:



«Մեր նպատակն է` բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել աշխարհին հայկական հնագույն մշակույթը: Մենք ուրախ ենք, որ թատերական յոթերորդ սեզոնում մենք հյուրախաղերով հանդես ենք գալիս Հայաստանում»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը: Նրա խոսքերով, թատրոնի խաղացանկը ընդգրկում է ինչպես հայ դասականների ստեղծագործությունները, այնպես էլ մանկական ներկայացումներ` բեմադրված Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով: Մոսկվայի հայկական թատրոնի բազմազգ թատերախումբը, կազմված է 25 դերասաններից եւ դերասանուհիներից, որի թվում կան հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, ներկայացումները բեմադրվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերե լեզուներով:

«Մոսկվայի հայկական թատրոնը որոշակի համբավ ձեռք բերեց Մոսկվայում ոչ միայն հայ հանդիսատեսի շրջանում: Դժբախտաբար Հայաստանի պրոֆեսիոնալ դերասանները չեն համագործակցում Մոսկվայի հայկական թատրոնի հետ, չնայած համապատասխան հրավերներին: Չէ որ աջակցությունը կարող է լինել ոչ միայն նյութական», - ասաց Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը:



Սլավա Ստեփանյանը իր զարմանքը հայտնեց այն բանի վերաբերյալ, որ ներկայացմանը ներկա չէին հայ գործընկերները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---