«Սովրեմեննիկ» թատրոնը կարող է հյուրախաղերով Հայաստան գալ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտին: Սեպտեմբերի 26-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել տաղանդավոր դերասանի ստեղծագործական երեկոն, որն անցել է մեծ հաջողությամբ: Նախագահն ասել է, որ «դա պատահականություն չէ, քանի որ Հայաստանում լավ գիտեն, սիրում ու գնահատում են ռուս մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` արտիստ Վալենտին Գաֆտի կերպարը»:



Ընդգծելով հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր ամուր կապը` երկրի ղեկավարը նշել է, որ ռուսական մշակույթն ու ռուսաց լեզուն Հայաստանում մեծ հարգանք են վայելում:



Նախագահ Սարգսյանը կարեւորել է եղած մշակութային կապերի ոչ միայն պահպանումն, այլեւ` անընդմեջ նորոգումն ու ընդլայնումը, որպեսզի երիտասարդ սերունդը եւս դրանց հաղորդակից լինել հնարավորություն ունենա: Սերժ Սարգսյանը մեծանուն դերասանի այցն այդ առումով մեծ ներդրում է համարել:



Վալենտին Գաֆտն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում, խիստ տպավորված է եւ արդեն իսկ մտածում է հաջորդ այցերի մասին: Նա Հանրապետության նախագահին պատմել է համատեղ մշակութային գործակցության նոր մտահղացումների մասին եւ նշել, որ քննարկվում է Հայաստանում «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերի հնարավորությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---