Շարլ Ազնավուրը մեծ ավանդ է ներդրել Միասք Մանուշյանի մասին ֆիլմի ստեղծման գործում

PanARMENIAN.Net - «Որպեսզի ամբողջությամբ պատկերացում կազմեի իմ ընտրած կերպարի մասին, ես դիմեցի Շարլ Ազնավուրին: Նա իր հոր մասին պատմեց հետեւյալը. «Միշա Ազնավուրյանն ուներ հարուստ երեւակայություն, լավ արտահայտված ինտելեկտուալ հումոր եւ երաժշտականություն»: Այս որակումն ինձ շատ օգնեց Ռոբերտի հետ աշխատելիս, քանի որ նա իր սովորության համաձայն, հերթական դառը վիրավորանքն էր հասցրել. ես պետք է երգեի գուսան Շահենի «Այսօր ես տեսա իմ սիրելիին» երգը: Միշա Ազնավուրը երգիչ էր, իսկ ես հեռու եմ երգից», - պատմում էր Ռոբերտ Գետիկյանի «Հանցագործ բանակ» ֆիլմի աշխատանքների մասին դերասան, բեմադրիչ Սերժ Ավետիքյանը : Ֆիլմի պրեմիերան Երեւանում կկայանա նոյեմբերի 29-ին:



Ֆիլմը պատմում է Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական հակաֆաշիստական կազմակերպության հայազգի անդամ Միսաք Մանուշյանի մասին: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ միասին նա մասնակցել է ֆաշիստական զավթիչների դեմ ֆրանսիական ազատագրական շարժմանը: 1943 թ. օգոստոսից սկսած Մանուշյանի հրամանատարությամբ շարժման մասնակիցները կատարել են մոտ երեսուն հարձակում գերմանական զավթիչների դեմ: Մանուշյանին ձերբակալում է գերմանական հրամանատարությունը, նրան ենթարկում են կտտանքների եւ 3 ամիս անց ազատագրական խմբի 21 անդամների հետ միասին («Մանուշյանի խումբ) կախաղան են բարձրացնում:



Միշա Ազնավուրյանն ու նրա կինը` Քնարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգնում են Մելինե Մանուշյանին` ամուսնու ձերբակալումից առաջ եւ հետո:



«Ես կարծում եմ, Միսաք Մանուշյանի եւ ֆրանսիական դիմադրության երիտասարդ մասնակիցների ինտերնացիոնալ խմբի հերոսության մասին պատմող ֆիլմը հենց Միշա Ազնավուրյանի կերպարի շնորհիվ է ստացել թեթեւ երանգ, քանի որ նա շատ կենսուրախ մարդ է եղել: Իսկ Ազնավուրյան եւ Մանուշյան ամուսնական զույգերի հարաբերությունները միանգամայն նրբանկատորեն պատմում է հայ ընտանիքի մասին», - նշել է Սերժ Ավետիքյանը:



Ֆրանսիական դիմադրության մասնակիցներից մեկի` Թոմասի մոր` տիկին Էլեկի դերակատար Արիան Ասկարիդն իր հերթին ասաց. «Ինձ բախտ վիճակվեց խաղալու հերոսական կնոջ` տիկին Էլեկի դերը, ով չի վախեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստական զավթիչների կողմից գրավված Փարիզի կենտրոնում պահել «Հրեական ռեստորան» անունով ռեստորանը, որի նկուղում թաքնվում էր իր ամուսինը եւ ժամանակը սպանում էր դասական գրականություն կարդալով: Նա կարողացավ մինչեւ կյանքի վերջ հավատարիմ մնալ որդու պայքարի ճշմարտացիությանը, չնայած որ 18-ամյա Թոմասը գնդակահարվեց Միսաք Մանուշյանի խմբի մյուս անդամների հետ միասին»:



Արիան Ասկարիդի խոսքերի համաձայն, «Հանցագործ բանակ» ֆիլմն արդեն գտել է իր դիտողներին, քանի որ նկարահանված է արհեստավարժ մակարդակով եւ այժմեական թեմա ունի:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---