Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնական խնդիրներից մեկը կարող է վերջապես լուծում ստանալ

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի արտաքին կամարների հետ կապված խնդիրն առաջացավ շենքը կառուցելուց մի քանի տարի անց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: «Շենքը 5 արտաքին կամարներ ունի, որոնք հեղինակ Էդուարդ Ալթունյանի մտահղացմամբ խորհրդանշում են նոտաների հինգ տողերը: Բանը նրանում է, որ որպես շինանյութ կամարների համար տրավերտին են օգտագործել, որը փխրուն քար է: Այդպես շատ շուտով կամարներից սկսեցին մեծ ու փոքր կտորներ պոկվել, եւ ես ուրախ եմ, որ այդ ընթացքում ոչ մի դժբախտ պատահար տեղի չի ունեցել»,- պատմեց Արմինե Գրիգորյանը:



Նրա խոսքով, դեռեւս թանգարանի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը զանազան կառույցներ է դիմել կամարները վերանորոգելու խնդրանքով: «2006 թվականին Հայաստանի Մշակույթի նախարարության հայցով թանգարանի շենքը վերանորոգվեց: Կամարներն այն ժամանակ արդեն շատ վատ վիճակում էին գտնվում: Սակայն քանի որ վերանորոգումն իրականացվում էր Քաղաքաշինության նախարարության պատվերով, նրանց աշխատանքը երկու փուլով էին իրականացնում: Բայց նրանք այդ փուլերից միայն առաջինն իրագործեցին, որը կառույցի ներսում հիմնանորոգում էր ենթադրում` տանիքից մինչեւ նկուղ: Շենքն ինքնին այժմ գերազանց վիճակում է, այնտեղ կենտրոնական ջեռուցում է անցկացվել, սակայն կամարների խնդիրը դեռեւս լուծված չէ»,- հաղորդեց Արմինե Գրիգորյանը:



Թանգարանի ղեկավարի խոսքով, կամարների վերականգնման աշխատանքներն իր վրա վերցրեց Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամը (ՀՍՆՀ): «Այդ հիմնադրամի ղեկավարը Աշոտ Կիրակոսյանն է, ում հայրը` Ալեքսանդր Կիրակոսյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արամ Խաչատրյանի թանգարանի շենքի շինարարությանը: Ուստի եթե հենց Աշոտ Կիրակոսյանը ստանձնի կամարների նորոգման ծախսերը, դա շատ խորհրդանշական կլինի»,- ամփոփեց Արմինե Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ կամարների նորոգման աշխատանքները ծրագրվում է իրականացնել 2010 թվականի գարնանը:



Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի շենքը, որը ստեղծվել է ճարտարապետ Էդուարդ Ալթունյանի կողմից Արամ Խաչատրյանի բարեկամ, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի էսքիզներով, ներառում է 1947 թվականին կառավարության կողմից երգահանին նվիրված տունը: Հուշային մասն իր մեջ ներառում է տան մանրամասն վերստեղծված ինտերիերը, դաշնամուրը աշխատասենյակում եւ շատ այլ իրեր, որոնք մաէստրոյի ներկայության տպավորություն են թողնում:



Նրա ստեղծագործությունները հնչում են բոլոր սրահներում: Թանգարանի երկրորդ հարկում` 10 սրահներում կարելի է տեսնել Արամ Խաչատրյանի` երգահան, դիրիժոր եւ դասախոսի գործունեության բազմազանությունը ցույց տվող, աշխարհի տարբեր անկյուններից հավաքված բնօրինակ առարկաներ` պարտիտուրներ, երաժշտական գրականություն, աշխատանքային դիրիժորական փայտիկ, աֆիշներ եւ Խաչատրյանի բալետների համար ընտրված զգեստների տարրեր:



Կամերային համերգասրահը, որը մոտ 200 ունկնդիր է տեղավորում, հնարավորություն է տալիս երաժշտական երեկոներ ու համերգներ անցկացնել: Այդ սրահում յուրաքանչյուր երկու տարին մեկ` հունիսի 1-8-ը լավագույն գործիքային կատարման Ա.Խաչատրյանի անվ. բաց մրցույթ է անցկացվում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---