Երեւանում տեղի ունեցավ հայկական ճարտարապետական հուշարձանների մասին ամսագրի շնորհանդեսը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Վարձք» գիտական ամսագրի առաջին համարի շնորհանդեսը, որի մեջ տեղ են գտել մշակութային գիտական հետազոտություններին եւ հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրմանը վերաբերող գիտական հոդվածներ:



«Այս ամսագրի ստեղծման գաղափարը հասունացել էր վաղուց, երբ 1997 թ. հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության քառասունամյա գործունեության մասին «RAA.Գիտական հետազոտություններ» շարքը թողարկելուց հետո պահանջ առաջացավ լայն հասարակայնությանը ներկայացնել այդ թեմայով գիտական հոդվածներ», - պատմում էր «Վարձք» ամսագրի գլխավոր խմբագիր, «RAA» հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը: Ամսագրի առաջին համարը արդեն թարգմանվել է անգլերեն, եւ Սամվել Կարապետյանը հույս հայտնեց, որ ամսագիրը երկու տարբերակով լույս կտեսնի` հայերեն եւ անգլերեն` վեց ամիսը մեկ անգամ:



«Ամսագրի հաջորդ համարը լույս կտեսնի նոյեմբերին: Ֆինանսավորման հետ դա կապ չունի, քանի որ ամսագրի թողարկման գումարը մենք պետբյուջեից ենք ստանում, սակայն մենք մտադրվել ենք հաջորդ հինգ ամիսների ընթացքում ճանապարհորդել Արցախի Հանրապետությունում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում` հայկական ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրելու համար», - ընդգծել է Սամվել Կարապետյանն` ավելացնելով, որ դեռ շատ անելիքներ ունեն Իրանում եւ Արեւմտյան Հայաստանում:



«Վարձք» ամսագրի առաջին համարը նվիրված է «RAA» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար, ճարտարապետական գիտությունների դոկտոր Արմեն Հախնազարյանին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---