Ծաղկաձորում անցկացվող մնջախաղի փառատոնը կրելու է Լեոնիդ Ենգիբարյանի անունը

PanARMENIAN.Net - «Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպել է միջոցառումների շարք` նվիրված կրկեսի հանրահայտ դերասան եւ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին: Միջոցառումների շարքը բացվելու է մարտի 27-ին, Հայաստանի Ազգային Ժողովի այգում` Երեւանի մնջախաղի պետական թատրոնի եւ Երեւանի պետական կրկեսի արտիստների մասնակցությամբ», - հաղորդել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը` մարտի 25-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում:



Նրա խոսքերի համաձայն, 20-րդ դարի լեգենդ, յուրահատուկ տաղանդի տեր արտիստին նվիրված միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարի: Մայիսի 15-ին Հայաստանի պետկրկեսում կազմակերպվելու է հոբելյանական երեկո եւ կրկեսային ծրագիր` «Ժպտացե'ք, մարդիկ» խորագրով:



Հուլիսին գրականության եւ արվեստի թանգարանում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի արտիստների մասնակցությամբ կներկայացվեն «Ենգիբարյանական էտյուդներ», կազմակերպվելու է ցուցահանդես եւ անցկացվելու է Լ. Ենգիբարյանին նվիրված ակցիա:



Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձոր առողջարանային քաղաքում մեկնարկելու է մնջախաղի փառատոն, որն այսօրվանից կրելու է Լեոնիդ Ենգիբարյանի անունը:



Հոկտեմբերին տեղի կունենա Լ. Ենգիբարյանի «Վերջին ռաունդ» գրքի շնորհանդեսը:



«ՀՀ մշակույթի նախարարությունը միջոցառումների շարք է նվիրում մի արտիստի, ով կարողացել է մտածել մնջախաղի լեզվով եւ լռությամբ խոսել մարդկանց հետ», - խոսքը եզրափակել է Սոնա Հարությունյանը:

.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---