ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալագիր է հանձնել եգիպտահայ բարերար Վարդ Ալեքսանյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալագիր է հանձնել եգիպտահայ բարերար Վարդ Ալեքսանյանին

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ազգային բարերար, «ԷՏԱԼԵՔՍ» («ETALEX») ընկերության նախագահ Վարդ Ալեքսանյանին: Վերջինս 1952 թվականից ղեկավարում է մեդալների, հուշամեդալների, սպորտային գավաթների, ափսեների, դրոշների արտադրությամբ զբաղվող «ԷՏԱԼԵՔՍ» ընկերությունը, որն իր բնագավառում առաջատարներից է աշխարհում: Վարդ Ալեքսանյանը նաև Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի անդամ է, Եգիպտոսում ՀՀ դեսպանության բարեկամների խմբի նախագահ:

Հրանուշ Հակոբյանը խորին շնորհակալություն հայտնեց եգիպտահայ բարերարին Հայաստանի անկախացումից հետ բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնելու, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության համար իրականացրած անշահախնդիր ձեռնարկումների համար:

Վարդ Ալեքսանյանի ղեկավարած «ԷՏԱԼԵՔՍ» ընկերությունը պատրաստել և ՀՀ սփյուռքի նախարարությանն է նվիրել վերջինիս կողմից Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում սփյուռքահայ կազմակերպություններին և անհատներին պարգևատրելու նպատակով նախատեսված «ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ», «Կոմիտաս», «Արշիլ Գորկի», «Վիլիամ Սարոյան», «Նուբար Փաշա» անվանումներով հուշամեդալները: «Մենք հպարտ ենք, որ ունենք Վարդ Ալեքսանյանի նման հայրենակից: Չկա որևէ կարևորագույն ձեռնարկ (Համահայկական խաղեր, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոն և այլն), որի համար Վարդ Ալեքսանյանը մեդալներ, գավաթներ, հուշանվերներ պատրաստած և նվիրած չլինի», - փաստեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը եգիպտահայ բարերար Վարդ Ալեքսանյանին հանձնեց շնորհակալագիր` «Սփյուռքում իրականացրած հայապահպանական գործունեության և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար», հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---