Թեոդորոս Անգելոպուլոս. Ես ստեղծում եմ ամպամած ֆիլմեր արևաշատ մի երկրում

Թեոդորոս Անգելոպուլոս. Ես ստեղծում եմ ամպամած ֆիլմեր արևաշատ մի երկրում

PanARMENIAN.Net - «Ես վստահ չեմ, որ իմ ֆիլմերը կարելի է փորձարարական համարել, սակայն դրանք չեն տեղավորվում նաև ընդհանուր հոսքում»,-ասել է հանրահայտ հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայացած վարպետության դասի ժամանակ:

Նա նշել է, որ իր ֆիլմերում խորհրդանիշերը բավականին շատ են, առավելապես դրանք խոնավության խորհրդանիշեր են` մառախուղ, ծով, ձյուն, հատկապես շատ է անձրևը: «Ես չեմ կարող դրան բացատրություն տալ, սակայն, ես ստեղծում եմ ամպամած ֆիլմեր արևաշատ մի երկրում»,-ասել է Անեգլոպուլոսը:

Պատմելով իր համագործակցության մասին անվանի իտալացի գրող և սցենարիստ Տոնինո Գուերայի հետ` ռեժիսորը նշել է, որ առաջին անգամ հանդիպեց նրան Հռոմում 1981 թվականին. «Այն ժամանակ ես իջևանել էի Անդրեյ Տարկովսկու հետ նույն տանը, նա աշխատում էր Գուերայի հետ: Ես հետաքրքրվեցի, թե ինչ կարող է նա ասել Տոնինո Գուերայի մասին և Տարկովսկին բնութագրեց նրան ամենալավ տեսակետից: Այն ժամանակ ես հանդիպում նշանակեցի Տոնինոյի հետ և զրույցից 5 րոպե անց մենք արդեն միասին էինք աշխատում»: Անգելոպուլոսը նշեց նաև իտալացի սցենարիստի մարդկանց հետ շփվելու և բոլորի հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը`«հայտնի է, որ նա աշխատել է Անտոնիոնիի և Ֆելինիի հետ»:

Թեոդորոս Անգելոպուլոսն ընդգծել է, որ Տոնինո Գուերայից բացի, նա համագործակցում է նաև մեկ այլ սցենարիստի հետ, որն ազգությամբ հայ է: Անդրադառնալով հայ ռեժիսորներին, նա նշեց, որ ճանաչում է միայն Ատոմ Էգոյանին և Անրի Վեռնոյին:

«Ի դեպ, ես վերջերս եմ խոսել Ատոմ Էգոյանի հետ երկու երիտասարդ և հեռանկարային հույն ռեժիսորներ Յորգոս Լանֆիմոսի ու Պանոս Կուտրասի մասին, և, հնարավոր է, նրանց ֆիլմերը ներկայացվեն «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում հաջորդ տարի»,-ասել է Անգելոպուլոսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---