Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով Հայաստան է ժամանել «Կարոտ» միջազգային հայկական երրորդ փառատոնի շրջանակներում:

Ողջունելով անվանի հյուրին` հանրապետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակում են հայկական մշակույթի զարգացմանը: Իսկ Ժերար Դեպարդիեի մասնակցությունը մեր մշակութային միջոցառումներին, նախագահի խոսքով, ինքնին մեծ օժանդակություն է հայկական մշակույթին:

«Ընդհանրապես, հայերս շատ հուզական ժողովուրդ ենք, մեզ համարում ենք մշակութասեր ժողովուրդ և համարում ենք, որ մեր ազգային ինքնության հիմքը հենց մշակույթն է: Այդ հիմքից, արմատներից մենք մշտապես ազդակներ ենք ստանում և այդ ազդակներով կարողանում ենք ապահովել մեր հարատեւությունը»,-ասել է նախագահ Սարգսյանը, ընդգծելով, թե Հայաստանում շատ քիչ մարդիկ կլինեն, որ չճանաչեն աշխարհահռչակ Ժերար Դեպարդիեին:

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, թե ճանաչում է, նույնիսկ կարող է ասել` շատ լավ է ճանաչում ցեղասպանությունից փրկված այն հայերին ու նրանց զավակներին, ովքեր ապրում են Ֆրանսիայում. «Ես նույնպես շատ հպարտ եմ ու շնորհակալ, որ գտնվում եմ այստեղ` Հայաստանում: Այստեղ ես ինձ ուղղակի հայ եմ զգում: Տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչել Ֆրանսիայում ապրող բազմաթիվ հայերի, ովքեր 1915 թվականի ցեղասպանությունից հետո իրենց մշակույթի և գոյատևման ունակության շնորհիվ, կարողացան ապրել և վերակառուցել իրենց կյանքը: Ես ճանաչում եմ ֆրանսահայ համայնքի բոլոր զավակներին ու զավակների զավակներին: Նրանք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպես Անրի Վերնոյը, նրանք նկարիչներ են, ինչպես Ժանսեմը, երգիչներ, կոմպոզիտորներ են, ինչպես Շառլ Ազնավուրը: Այդ իսկ պատճառով, սիրով պատասխանեցի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերին` տեսնելով նաև ձեր երկրի պատկերները: Երբ երկիրն ունի այսպիսի խորը ավանդույթներ և այսպիսի հետաքրքիր աշխարհագրություն, նշանակում է, որ հայ մարդու բնույթը հանդուրժողական է, մեծահոգի և շատ հարուստ»: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---