Կյանքի 80-րդ տարում վախճանվել է հայ անվանի դերասան Կիմ Երիցյանը

Կյանքի 80-րդ տարում վախճանվել է հայ անվանի դերասան Կիմ Երիցյանը

PanARMENIAN.Net - Կյանքի 80-րդ տարում վախճանվեց հայ անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը։

Դերասանի հուղարկավորման առթիվ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին` ժամը 18:00-ին, Վարդանանց 2-րդ նրբանցք, 4-րդ շենք, բն. 6 հասցեում, վերջին հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 29-ին` ժամը 12:00-14:00-ը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում։

Կիմ Երիցյանը ծնվել է 1930 թվականին Թբիլիսիում։ 1951 թ.-ից ապրել է Երևանում:

1957 թ. գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1955-1973 թթ. որպես դերասան աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` ապրելով ստեղծագործական մեծ առաջընթաց, անձնավորելով բազմաթիվ ուշագրավ և գլխավոր դերեր: Այս թատրոնում տաղանդավոր արտիստին համընդհանուր ճանաչում բերեց Պըլը Պուղու դերը Ա. Բարսեղյանի «Պըլը Պուղի» հերոսական կատակերգությունում, որը Կիմ Երիցյանը խաղացել է 350-ից ավել անգամ:

1973-2006 թթ. աշխատել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ և էլ ավելի բացահայտվեց Կ. Երիցյանի ինքնատիպ տաղանդը: Նրա խաղաոճին բնորոշ է ողբերգականի և կատակերգականի միասնությունը: Երիցյանը տպավորիչ գունեղությամբ կերտել է բազմաթիվ կերպարներ հայ և համաշխարհային կերպարներից, որոնք դերասանական արվեստի ակնառու նվաճումներ են. Ագրիպաս աղա, Գնդապետ, Թովմաս, Սերգեյ Կարպիչ, Մաշու, Ալդոմիրցի և այլն:

Կիմ Երիցյանը նկարահանվել է հայկական կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ֆիլմերում` «Նվագախմբի տղաները», «Շրթներկ N 4», «Սուտլիկ որսկանը», «Քաոս», «Հող և ոսկի» և այլն: Կիմ Երիցյանը բազմաթիվ դերեր է խաղացել նաև հեռուստաթատրոնում:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր դեր, արժանացել հանդիսատեսի ջերմ վերաբերմունքին և անկեղծ համակրանքին:

Հայ թատրոնին մատուցած ակնառու ծառայությունների համար Կիմ Երիցյանին 2009թ. շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում: Վերջերս մեծ շուքով նշվեց սիրված արտիստի ծննդյան 80-ամյա հոբելյանը. հոբելյարը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---