Կոմիտասագետ. Կոմիտասի ստեղծագործությունները կօգնեն ժողովրդին վերադարձնել ինքնությունը

Կոմիտասագետ. Կոմիտասի ստեղծագործությունները կօգնեն ժողովրդին վերադարձնել ինքնությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի համակարգող, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Լալա Մնեյանի և կոմիտասագետ, կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանի մամուլի ասուլիսը «Ստեղծվում է Կոմիտասյան համայնք» թեմայով։

Մշակույթի հանձնաժողովի անդամների, հրավիրված մասնագետների ջանքերով այսօր ստեղծվում է «Կոմիտասյան քաղաքականության իրականացման» ծրագիր։ Ըստ Մնեյանի, այժմ վտանգված է մեր ազգային ինքնությունը, գործող մշակութային քաղաքականության մեջ այն որպես խնդիր ձևակերպված չէ, չի գործում որպես կրթական–քարոզչական միասնական համակարգ։ Իսկ թե ինչու Կոմիտաս, ի՞նչ ենք հասկանում «Կոմիտասյան քաղաքականություն» ասելով հարցին պատասխանեց կոմիտասագետ, կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանը: Ըստ նրա, Կոմիտասի շնորհիվ փրկվել և մեզ է հասել հայ երաժշտության ամբողջական ժառանգությունը, հայության սկզբնավորումից մինչև 20–րդ դար, ընդգրկելով Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածները։ Կոմիտասը ցույց տվեց հայ երաժշտության ուրույն լինելը։

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը տեղեկացրեց նաև, որ որոշել են ողջ Հայաստանում տարածել և ուսուցանել Կոմիտասի 5 երգ. «Ամենապարզ ճանապարհն է, որ մեր ինքնությունը վերադրաձնենք մեր ժողովրդին»:

Միաժամանակ Կոմիտասը համաշխարհային երաժշտության մեջ նոր տիպի հարմոնիայի՝ ներդաշնակության հեղինակն է, որն ընկած է համաշխարհային ժամանակակից երաժշտության հիմքում։

Կարևորվեց նաև հայոց լեզվի դերը, քանի որ լեզուն ինքը երաժշտություն է, իսկ երաժշտությունը լինելով ավելի ազդեցիկ, շատ արագ ու մատչելի ձևով դրոշմվում է մարդու ենթագիտակցության վրա և դառնում նրա ինքնության պաշտպանն ու պահապանը։ Երկու բանախոսներն էլ շեշտեցին, որ կոմիտասյան ժառանգությունը պատկանում է միմիայն հայ ժողովրդին և որևէ մեկը իրավունք չունի այն սեփականաշնորհելու, ասվում է «Սարդարապատ» շարժման հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---