Երևանում կայացավ «Մեր Առաջին տարրը» խորագրով լուսանկարչական գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Երևանի «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպված «Մեր Առաջին տարրը» խորագրով լուսանկարչական գրքի շնորհանդեսը: Գրքի մեջ ներառված են դեռևս 2009 թվականին հայտարարված «Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր» մրցույթին մասնակցած լուսանկարները: Դեռևս 2009 թվականի հոկտեմբերին «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում Հոլանդիայի Պրինց Քլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամը մեկնարկեց «Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր « խորագրով տարածաշրջանային լուսանկարչական մրցույթը: Մրցույթին մասնակցել են լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից: Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռնվել ներկայացնելու մինչև չորս աշխատանք ներառող լուսանկարների շարք:

Մրցույթի ժյուրիի կազմը համալրել են պրոֆեսիոնալներ տարածաշրջանի հինգ երկրներից` Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, Բաթումիի Արտ Հաուս կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Գեորգի Գոգիբերիձեն, Թուրքիշմուն Ֆիլմ Յապինի տնօրեն, ռեժիսոր Այդին Քուդուն, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան և ադրբեջանցի լրագրող Վաֆա Ֆարաջովան:

Մրցույթի արդյունքներով էլ հրատարակվեց «Մեր Առաջին տարրը» գիրքը, որի մեջ բացի մրցույթին մասնակցող լուսանկարներից ներառվեցին նաև ջրին նվիրված բանաստեղծություններ և առասպելներ:

Շնորհանդեսի ընթացքում նաև մրցանակներ հանձնվեցին հաղթողներին, ինչպես նաև Ռուբեն Խաչատրյանը հիմնադրամի անունից շնորհակալագիր տվեց Հանս Յոհան Շմիդթին:

Մրցույթում հաղթած լուսանկարները կմասնակցեն Կովկասյան տարածաշրջանի երկրներում կայանալիք ցուցադրությունների շարքին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---