Ժնեւում ներկայացվել է ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի Հայաստանի մասին ֆիլմը

Ժնեւում ներկայացվել է ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի Հայաստանի մասին ֆիլմը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի նշանավորման միջոցառումների շրջանակում, Ժնեւի «Դելիս» համայնքային կինոդահլիճում շվեյցարական հանդիսատեսի համար տեղի ունեցավ ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի ,«Հայաստան` մշակույթի եւ զգացմունքների երկիր» ֆիլմի ցուցադրումը եւ համանուն գրքի ներկայացումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառման ընթացքում հեղինակը նշեց, որ իր ֆիլմով եւ գրքով փորձել է ներկայացնել իր ընկալած Հայաստանը` «իր Հայաստանը»` աշխատասեր, կենսունակ` իր ուրույն ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանած հերոսական հայ ժողովրդի երկիրը, իրական զգացմունքների, հազարամյա պատմության, մշակույթի, արվեստի ու քաղաքակրթության երկիրը: Ֆիլմը ներառում է Հայաստանի տարբեր վայրերում` Երեւանում, Օշականում, Էջմիածնում, Վանաձորում, Ալավերդիում, Տաթեւում, Մեղրիում, Գյումրիում, Իջեւանում, Սեւանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում կատարված նկարահանումները: Թե ֆիլմը եւ թե գիրքը ներկայացնում են դարերի ընթացքում Հայաստանի պատմական կարեւոր իրադարձությունները, ներկայիս Հայաստանի տնտեսությունը, զբոսաշրջային հնարավորությունները, հայկական պատմական եւ մշակութային ժառանգությունը` կրոնի ու լեզվի առանձնահատկությունները, ճարտարապետական հնագույն հուշարձանները, ավանդական ծիսակատարությունները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների առօրյան:

Ֆիլմի ցուցադրումը եւ գրքի ներկայացումը շվեյցարական հանդիսատեսի համար նախատեսվում է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---