Երևանում առաջին անգամ կհնչի Պիացոլլայի ստեղծագործությունը նոր մեկնաբանությամբ

Երևանում առաջին անգամ կհնչի Պիացոլլայի ստեղծագործությունը նոր մեկնաբանությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Տանգո» փառատոնի շրջանակներում կկայանա արգենտինացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինի և բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանի համերգը: Համերգին կմասնակցեն նաև Արմեն Բաբախանյանը (դաշամուր) և Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ): Ծրագրում կհնչի Շոպենի 1-ին դաշնամուրային կոնցերտը, Պիացոլլայի Oblivion ստեղծագործությունը Նիսինմանի գործիքավորմամբ և մեկնաբանությամբ, Գինաստեռայի «Էստանսիա» բալետից չորս հատվածներ: Համերգի ընթացքում նաև առաջին անգամ կկատարվի Վեբերի Հունգարական անդանտե և ռոնդո ֆագոտի և նվագախմբի համար:

«Սա յուրահատուկ համերգ է լինելու, քանի որ շատ հետաքրքիր մասնակիցներ կան, ովքեր ներկայացնելու են արգենտինյան քաղաքային երաժշտությունը: Այս համերգը նոր պատուհան կբացի և կհանդիսանա կամուրջ Հայաստանի, Արգենտինայի և Շվեյցարիայի միջև», ասաց ներկայումս շվեյցարաբնակ Ագուդինը: «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանն ասաց, որ «Տանգո» փառատոնի շրջանակներում 2011 թ.-ին նախատեսվում է 8 համերգ Երևանում և Հայաստանի մարզերում` հայ և օտարերկրյա երաժիշտների մասնակցությամբ: Նախատեսվում են նաև վարպետության դասեր նոյեմբեր ամսին:

«Տանգո» փառատոնը մեկնարկել է 2010 թ.-ի հոկտեմբերի 30-ին, որը բացեց Ռիչարդ Գալեանոն: Աշնանը նախատեսված է հրավիրել արգենտինացի կոմպոզիտոր Ուոլտեր Ռիոսին և պարային զույգերի:

Ֆակունդո Ագուդինը Musique des Lumires շվեյցարական համերգաշարի և Opera Obliqua-ի գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև Բազելի Նոր օպերային նախագծի հիմնադիրն է: Նրա վերջին բեմադրություններն են «Դոն Ժուան», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Կախարդական սրինգ» օպերաները: Հայաստանում համերգներով հանդես է եկել 2006, 2007 և 2008 թթ-ին:

Մարսելո Նիսինմանը արգենտինյան տանգոյի առաջատար կոմպոզիտոր է և վերամշակող: Որպես բանդենեոնահար համատեղ ելույթներով հանդես է եկել Ռոբերտո Գոյենչեյի, Լիբերտադ Լամարկեի, Ամելիտա Բալտարի հետ: Նա ստեղծել է տանգոյի ուրույն ոճ, որով ավանդական տարրերը զուգակցել է ատոնալության և ժամանակակից երաժշտական փոխակերպումների հետ:

4  28.04.11 - «Տանգո» փառատոնին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---