Երևանում բողոքում են Կաթողիկեին կից սբ Աննայի համալիրի կառուցման դեմ

Երևանում բողոքում են Կաթողիկեին կից սբ Աննայի համալիրի կառուցման դեմ

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Երևանի Սբ. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ Կաթողիկեին կից սբ Աննա հոգևոր համալիրի կառուցման դեմ: Ցույցի կազմակերպիչն է «Հիմա ՛» երիտասարդական նախաձեռնությունը:

Նախաձեռնության անդամներից մեկը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 50 հավաքվածներ, որոնց թվում էին ինչպես նախաձեռնողները, այնպես էլ նրանց միացած պատահական անցորդներ: Բողոքի ակցիան սկսվել է մեկ ցուցարարից, ով իր ձեռքում պահել էր պաստառ «Ես դեմ եմ ապորինի շինարարությանը» գրությամբ: Որոշ ժամանակ անց նրան միացել են այլ ցուցարարներ: Նախաձեռնողը դա բացատրեց նրանով, որ «բողոքը սկսում է մեկից»:

Ըստ ակցիայի նախաձեռնողների, կառուցվող համալիրը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցին և աղճատում է պատմական միջավայրը: Խումբը պահանջում է անհապաղ դադարեցնել շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ, քանի որ համալիրն իր ծավալով ազդում է ոչ միայն Կաթողիկեի, այլ նաև ամբողջ խաչմերուկի ու շրջակա միջավայրի ճարտարապետության վրա: Բողոքի ակցիան տևել է մոտ երկու ժամ:

Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 13 դ-ում: 1679 թ-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կանգուն է մնացել միայն եկեղեցու մատուռը: 17-րդ դարի վերջում կառուցվել է եռանավ բազիլիկատիպ շինություն, որը 1936 թ-ին ստալինյան բռնապետության տարիներին պայթեցվել է: Այս տարի` ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է պատի մեջ ներկառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր և 17-րդ դարի բազիլիկի պատի մի դրվագ: Ավելի ուշ, նույն տարածքում հայտնաբերվել են նաև16-17 դարի կավե երեք կարասներ: Սբ. Աննա եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---