Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում մեկնարկեց տեղեկատվական ցուցահանդեսով

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունը մեկնարկեց Երևանի Սիրահարների այգում տեղեկատվական ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, բնապահպանության, կրթության և այլ բնագավառներում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու հաստատությունները: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Եվրոպայի օրը հանդիսանում է ԵՄ ամենակարևոր խորհրդանիշերից մեկը, և յուրաքանչյուր տարի Հայաստանում օգտվում են առիթից` տոնելու Եվրոպայի օրը Հայաստանում: Նա նաև հավելեց, որ չնայած ձևաչափը նույնն է, սակայն միջոցառումները տարբեր են: Բացի դրանից, Լուցենբերգերը հայտնեց, որ Եվրոպական օրվան նվիրված համերգ է կազմակերպվելու, սակայն համերգի օրը և մասնակիցների անունները չմանրամասնեց, քանի որ այդ տվյալները դեռևս ամբողջովին հայտնի չեն: Պարզ է միայն, որ համերգը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիս ամսին և կլինեն եվրոպական դասական երաժշտություն կատարողներ:

Միաժամանակ ծրագրի շրջանակներում այգու տարբեր հատվածներում իրականացվում է ինտերակտիվ մշակութային ծրագիր` ընդգրկելով հունական և շոտլանդական ժողովրդական պարերի, լեհական թղթարվեստի` վիցինանկայի դասընթացներ, ֆրանսիական բեմադրություն և երգեցողություն:

Երեկոն կբացի իտալացի երաժիշտ Լուկա Ռոսսիի (հարվածային գործիքներ) և Կարմինե Սկիալլայի (մանդոլին) երաժշտությունը հայկական Miq’s Art Project-ի (ուդ, բլուլ, թառ, դուդուկ, դհոլ, թավջութակ) ուղեկցությամբ: Նրանք հանդես կգան միասին` ներկայացնելով հայկական և իտալական ժողովրդական տարրերով համեմված երաժշտություն: Կենդանի կատարմանը կհաջորդեն ժողովրդական գործիքների և հրավիրված DJ-ների համատեղ ելույթը DJ Սերժոյի մասնակցությամբ: Երեկոյի վերջում հանդես կգա DJ Ռոբերտ Սոկոն, ով հանդիսանում է 1993-ին ստեղծված Balkan Beats (բալկանյան բիթեր) յուրահատուկ երաժշտական ոճի հիմնադիրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---