Լոս Անջելեսում պարահանդեսով մեկնարկեց ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումների շարքը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական` 60-րդ պարահանդեսով մեկնարկել է Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Պարահանդեսի ընթացքում ներկայացվել են Ա. Խաչատրյանի, Տ. Չուխաջյանի, Ա. Տիգրանյանի ստեղծագործությունները, Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ պարային ստուդիայի սաները ներկայացրել են հայկական ազգային պարարվեստը, իսկ Արտո Թունջբոյաջյանի կատարմամբ հնչել է հայկական ժամանակակից ջազային երաժշտություն: Պարահանդեսի ընթացքում ցուցադրվել է Հայաստանի մշակութային, պատմական կոթողներն ու տուրիստական վայրերը ներկայացնող ֆիլմ:

Հատուկ պարահանդեսին մասնակցելու նպատակով Լոս Անջելես էր ժամանել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի բարիտոն Վլադիմիր Չեռնովը, որը կատարել է Յան Քրուզի «4 նոկտյուրնը»` գրված Մ. Մեծարենցի, Վ, Տերյանի եւ Գ. Մահարու ստեղծագործությունների հիման վրա:

«Հպարտ ենք ներկայացված լինել այս իրապես բարձրաճաշակ երեկոյին, որը բազմամշակութային քաղաքի խոշորագույն իրադարձություններից մեկն է: «Հավերժության մեղեդի» խորագիրը, որով այսօր ներկայացված է հայկական երաժշտությունը, արտացոլում է մեր ինքնությունն ու հազարամյա մշակույթը: Հուսով ենք` պարահանդեսը լոսանջելեսցիներին հնարավորություն կընձեռի առավել լավ ճանաչել Հայաստանն ու հայ մշակույթը»,-նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված պարահանդեսը ողջունել է նաև Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի ղեկավար` աշխարհահռչակ Գուստավո Դուդամելը: Նա ընդգծել է, որ խոշորագույն մշակութային միջոցառման հասույթը կուղղվի կրթական ծրագրերի իրականացմանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պարահանդեսին մասնակցել են ավելի քան 400 երաժշտասերներ, այդ թվում` տասնյակ երկրների դիվանագետներ:Այն իրականացվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Los Angeles Times թերթի տեղեկատվական հովանավորությամբ եւ «Արմավիա» ընկերության աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---