Մինասի, Փարաջանովի, Էլիբեկյանի աշխատանքները կներկայացվեն բարեգործական աճուրդի Երևանում

Մինասի, Փարաջանովի, Էլիբեկյանի աշխատանքները կներկայացվեն բարեգործական աճուրդի Երևանում

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան մեծ» սրահում տեղի կունենա «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնած` «Ի հովանավորություն արվեստի և մշակույթի» բարեգործական մեծ գալա ընթրիքը: Միջոցառումն անց է կացվում ՀՀ մշակույթի և ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունների բարձր հովանու ներքո:

Միջոցառման ընթացքում նախատեսված է բարեգործական աճուրդ, որտեղ ներկայացվելու են Մինաս Ավետիսյանի, Սերգեյ Փարաջանովի, Վաղարշակ Էլիբեկյանի, Արթուր Սարգսյանի և Վարդան Պետրոսյանի աշխատանքներ:

Միջոցառման մուտքի տոմսերը արժեն 20.000 դրամ:

Տեղի է ունենալու բարեգործական համերգ, որտեղ ողջույնի խոսքով հանդես կգան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ազգագրագետ Արուսյակ Սահակյանը և երգչուհի Գոհար Ստեփանյանը, իսկ երաժշտական կատարումներով ելույթ կունենան թավջութակահար Արամ Թալալյանը, երգչուհի Աննա Մայիլյանը, դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը, դաշնակահար Լևոն Կարապետյանը: Համերգին նաև ելույթ են ունենալու երաժիշտներ «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերությունից, «Նարեկացի» ժողնվագարանների համույթը և Շուշիի «Նարեկացի» կենտրոնի թատերախումբը: Վերջում լինելու է ընթրիք հյուրասիրություն: Հանդիսությանը հրավիրված են նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Միջոցառմանը ներկա են գտնվելու արվեստի և մշակույթի բազմաթիվ ականավոր գործիչներ, հեղինակավոր գործարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներայացուցչությունների պատվիրակություններ, բարերարներ, միջազգային հիմնադրամների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: Հրավիրյալների շարքում են լինելու բարձրաստիճան անձիք և արվեստագետներ: Հանգանակված միջոցները տրամադրվելու են «Նարեկացի» արվեստի միության` արվեստի, կրթության, հրատարակչության հովանավորչության բարեգործական ձեռնարկների իրագործմանը:

Միջոցառումը նպատակ է հետապնդում հանգանակել միջոցներ, որ Միությանը հնարավորություն կտան կյանքի կոչել հայ մշակույթի պահպանման, զարգացման և տարածման իր ամրագրած առաքելությունն ու նվիրական տեսլականը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---