Ժիրայր Փափազյան. Սփյուռքում մշակույթ չի մնացել

Ժիրայր Փափազյան. Սփյուռքում մշակույթ չի մնացել

PanARMENIAN.Net - Ըստ ֆրանսահայ նշանավոր բեմադրիչ, դերասան և թարգմանիչ Ժիրայր Փափազյանի, Սփյուռքում մշակույթ չի մնացել, և մարդկանց հետաքրքրում են միայն Ցեղասպանության հետ կապված խնդիրները: «Երբ ինձ հարցնում են, թե ինչ մշակութային միջոցառում կա ֆրանսահայ համայնքում, ես միայն կարող եմ ասել, որ տարեկան չորս անգամ Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովներ կան», ասել է Ժիրայր Փափազյանը Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, Ֆրանսահայերին հետաքրքրում են ավելի շատ բուլվարային, թեթև բեմադրությունները, քան լուրջ ազգային գործերը:

«Ամեն ինչը փողի հետ է կապված, իսկ բարեգործական ընկերությունները հրաժարվում են գումար տրամադրել, պատճառաբանելով, որ Հայաստանում այս կամ այն տեխնիկական գործն են անում և չեն ցանկանում հավաքած գումարից գոնե մի փոքր հատված տրամադրել Սփյուռքին: Այսօր Սփյուռքում դպրոցներ, ակումբներ և թերթեր են փակվում: Չգիտեմ, ինչ փոխվեց նրանց մեջ, բայց երևի կապիտալիստական մտածելակերպից է գալիս այդ ամենը: Ինչը որ շահ է բերում, լավ է, ինչն էլ չէ` վատ է», հավելեց Փափազյանը:

Ժիրայր Փափազյանը ծնվել է 1952 թ. Եգիպտոսում, հայ արվեստագետների ընտանիքում: 1976 թվականից դերակատարումներով և բեմադրություններով հանդես է եկել DEA թատրոնում: 1980 թ. Միչիգանի (ԱՄՆ) օպերային թատրոնում բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, ապա մինչև 1990 թ. աշխատել է Հոլիվուդում: 1986 թ. բեմադրել է «Արարատի երգը» (հայկական պոեզիայի ներկայացում), որտեղ հանդես է եկել դերասանուհի Նորա Արմանիի հետ: Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել Էդինբուրգի, Ավինյոնի փառատոներում և այլուր, արժանացել մրցանակների: 1990 թ. հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ 1997 թ. հիմնել է «Տիգրան Չուխաջյան» հետազոտական կենտրոնը: 1998-2001 թթ. վերականգնել և հրատարակել է Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի նախնական տարբերակը: 2000 թ. ֆրանսերեն է թարգմանել և բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը:

2001 թ. Սան Ֆրանցիսկոյի օպերայում բեմադրել է «Արշակ Երկրորդ» օպերայի նախնական տարբերակը: Նույն թվականին Միչիգանի օպերային թատրոնում իրականացրել է «Անուշի» երկրորդ բեմադրությունը:

4  27.07.11 - ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանի մամլե ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---