14  30.03.14 - Երևանում մարտի վերջին ձյուն է տեղում

Նախնական տվյալով` ցրտահարվել է պտղատուների 90-100%-ը. Վտանգված է նաև ջերմոցային տնտեսությունը

Նախնական տվյալով` ցրտահարվել է պտղատուների 90-100%-ը. Վտանգված է նաև ջերմոցային տնտեսությունը

PanARMENIAN.Net - Մարտի 29-30-ին հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառած կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս անհնար է տրամադրել: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:

Ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել նախարարության մասնագետները արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ անզոր է եղել տարերքին համարժեք գործողություններ իրականացնել:

Մարտի 26-ին Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև: Մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին, 29-30-ին , 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին ու խորհուրդներին և հենվելով սեփական փորձի վրա, հանրապետության ամբողջ տարածքում գյուղացիական տնտեսությունները հանգամանորեն նախապատրաստվում էին այգիների ծխահարման և ոռոգման, ինչպես նաև ավանդական մյուս միջոցներով, սպասվող վտանգը դիմագրավելուն: Այդ և նախարարության պատասխանատուների ու մասնագետների կողմից տեղերում անընդմեջ իրականացվող հերթապահությունը հույս էին ներշնչում, որ ձեռնարկված քայլերը հնարավորություն կտան ըստ ամենայնի խուսափել բերքի կորստից: Սակայն ջերմաստիճանի կտրուկ անկումն անսպասելիորեն զուգորդվել է հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և քամու ուժեղ պոռթկումների հետ:

Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով վարչության պետ Հայկազ Տերտերյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ ցրտահարություն միանշանակ եղել է:

«Վնասը կա ու մեծ է: Սակայն գնահատականների մասին դեռևս դժվարանում եմ խոսել: Առաջիկա 2 օրերին տեսնենք եղանակն էլ ինչ անակնկալներ կմատուցի: Մարզի ցածրադիր վայրերում ծաղկումն ավարտվել էր, տեղ-տեղ բերքն էլ էր կազմավորվել, որն իրականում ցրտին ավելի դիմացկուն է: Այդ իսկ պատճառով դեռ հույս ունենք, որ բերքն ամբողջությամբ չի ցրտահարվել, իսկ բարձրադիր շրջաններում տանձենին, խնձորենին քնած են ու հավանաբար չեն վնասվել»,- ասաց Հայկազ Տերտերյանը: Իսկ Արմավիրի մարզում դրությունն ավելի վատթար է: «Պտղատուները հիմնականում վնասվել են: Ծիրանենին, սալորենին, դեղձենին ամբողջությամբ ծաղկել էին ու 90-100 տոկոսով ցրտահարվել» ,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով վարչության պետ Արթուր Այվազյանը: Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին, մասնագետը նշեց, որ ծխեցումն ու ոռոգումը կարող են օգնել, եթե ցուրտը տևում է 4-5 ժամ. «Եթե -5 և ավելի ջերմաստիճանը պահպանվում է 10 ժամից ավելի, արդեն ոչինչ անել հնարավոր չէ»:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, գնահատելով վնասները, PanARMENIAN.Net ին ասաց. «Հայ գյուղացին լուրջ վնաս է կրել: Խոսքը 45-50 000 տոննա ծիրանի ցրտահարության մասին է: Սակայն գյուղատնտեսության մեջ ռիսկայնությունը միշտ էլ բարձր է»: Բերբերյանը խորհուրդ տվեց չհուսալքվել, քանի որ այս տարի կարտոֆիլի, բանջարեղենի կայուն բերք է սպասվում:

Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը մարտի 31-ին, անդրադառնալով որոշ շրջաններում բերքի, հատկապես` ծիրանենու, 100 տոկոսով ցրտահարմանը, ասել է` գնահատականներ տալ դեռ վաղ է. «Այդպես չենք կարող ասել: Պետք է եղանակը բացվի, արևը դուրս գա, ձյունը թափվի ծառերից, որպեսզի տեսնենք՝ ինչն ինչոց է: Միանշանակորեն չենք կարող ասել, որ 100 տոկոս ցրտահարվել են»,- գրում է Panorama.am-ը:

Խոսելով վնասներ կրած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցման մասին` փոխնախարարն ասել է. «Դեռ շուտ է այդ մասին խոսել: Երկու-երեք օր պետք է անցնի, տեսնենք ինչ է եղել, վնասի չափը ու ըստ այդմ կողմնորոշվել»:

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին` նախօրեին գյուղատնտեսության նախարարությունն աշխատել է ամբողջ օրը, խորհուրդներ են տվել ջերմոցային տնտեսություններին: «Երեկ որոշ տեղերում հոսանքազրկումներ էին եղել ուժեղ քամու պատճառով, բայց օրվա վերջին արդեն վերականգնվել էր: Դեռևս վաղ է խոսել՝ արդյոք տուժել է ջերմոցային տնտեսությունը, թե ոչ»,- ասել է Գրիշա Բաղիյանը:

Նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը ըստ «Հայհիդրոմետ»-ի կպահպանվի: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտում սպասվում է օդում -5 C - -6 C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ամբողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռևս պահպանվում է:

Նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---