Կառավարության հակաճգնաժամային ծրագիրն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը

PanARMENIAN.Net - Գործազրկության մակարդակի ցուցանիշը պետք է գտնվի կառավարության ուշադրության կենտրոնում: «Գաղտնիք չէ, որ տնտեսական զարգացման անկումն առաջին հերթին «հարվածում է» բնակչության սոցիալապես անապահով շերտերին եւ դրա վառ ցուցանիշը գործազրկության մակարդակն է»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի սոցիոլոգիական ազդեցությանը» նվիրված խորհրդաժողովում: Նրա խոսքերով, հետեւելով գործազրկության մակարդակին,կարելի է հասկանալ, թե ինչպես է ազդում տնտեսական զարգացման ցուցանիշը սոցիալական ոլորտի վրա: «Այդ ցուցանիշը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,-ասել է նա:



Հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, ըստ Սարգսյանի, պետք է ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես է համաշխարհային ճգնաժամն ազդում աշխատատեղերի կրճատման վրա: «Առաջին հարվածը մենք ստացանք լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, որտեղ աշխատում է շուրջ 6000 մարդ»,-ասել է նա: Ճգնաժամի պայմաններում կառավարությունը օգնության ձեռք մեկնեց այդ ոլորտին:



Ինչպես ասել է վարչապետը, վերջին տարիներին լեռնահանքային ոլորտում նկատվում էր գնաճ եւ այդ ոլորտում արված ներդրումներն աճում էին: «Այն շահույթն ու դիվիդենտները, որ ստացան ներդնողները, հնարավորություն տվեցին աշխատատեղերը չկրճատել»,-ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ ոլորտում պահպանվել է աշխատավարձի նույն մակարդակը, նույնիսկ այն մարդիկ, որ ժամանակավորապես չաշխատեցին, ստանում էին աշխատավարձի 2/3-ը: «Խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց , որ մինչ ամառ խոշորագույն լեռնահանքային ձեռնարկություններում կրճատումներ չեն լինի եւ դա լուծում է մեր երկրի սոցիալական խնդրի մի մասը»,-ասել է նա: Ինչպես նշել է վարչապետը, առաջին օգնությունը կառավարությունը ցույց տվեց Հայաստանի ամենախոշոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որը կկարողանա հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, ձեռք կբերի արդի սարքավորումներ, եւ արդյունքում կավելացնի արտադրողականությունը, ինչպես նաեւ շուրջ 200 հարակից ընկերություններ չեն զրկվի իրենց պատվերներից:



Այս համատեքստում վարչապետը պարզաբանել է, որ հակաճգնաժամային ծրագիրն իրականացնելիս Օպերատիվ շտաբը առաջնություն է տալիս համակարգ ձեւավորող ձեռնարկություններին, որոնց գործունեությամբ է պայմանավորված լինում այս կամ այն համալիրի աշխատանքը, սոցիալական իրավիճակն այս կամ այն տարածաշրջանում:



Հայաստանի կառավարությունը ձեռնարկվող հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում 10 մլն դոլարի պետական վարկ է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` Libor+6 տոկոս պայմաններով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---