Երեւանում ՍՏՀԿ բիզնես-հանձնաժողովի նիստի ժամանակ կքննարկվեն հայ-թուրքական սահմանի բացման հարցերը:

PanARMENIAN.Net - Երեւանում անց է կացվում Սեւծովյան տնտեսական համագործակցության Գործնական Խորհրդի 37-րդ նիստը: Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանի գործատուների Հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը, բիզնես հանձնաժողովի նիստը անց է կացվում երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրային խոչընդոտները հաղթահարելու, առեւտրային հսկողությունը թեթեւացնելու, հանձնաժողովի նոր քարտուղար ընտրելու, ինչպես նաեւ այն հարցերը քննարկելու նպատակով, որոնք կապված են տարածաշրջանի տնտեսական ինտեգրման եւ ՍՏՀԿ տնտեսական զարգացման հետ:



«Տարածաշրջանի երկրների միջեւ միշտ էլ խնդիրներ կան, եւ դրանց լուծման համար ստեղծվել է ՍՏՀԿ բիզնես-հանձնաժողովը, որի աշխատանքների շնորհիվ հայտնաբերվում են առկա խնդիրները»,- հայտարարել է նա:



Իր հերթին Հայաստանում ՍՏՀԿ բիզնես-հանձնաժողովի մշտական նախագահ Սամսոն Օզարարատը նշել է, որ քննարկման գլխավոր խնդիր է հանդիսանում տարածաշրջանի երկրների օրենսդրությունների համապատասխանեցումը տնտեսական քաղաքականության դրույթներին, ինչպես նաեւ երկկողմանի հարաբերությունների զարգացումը Սեւծովյան ավազանի երկրների միջեւ: Նրա խոսքով, ներկա դրությամբ Հայաստանը խնդիրներ ունի երկու երկրների հետ: Մեկը Թուրքիան է, որը տարածաշրջանում Հայաստանի խոշորագույն հարեւանն է, մյուսը` Ադրբեջանը: «Հուսով եմ, որ այնպիսի միջազգային կառույց, ինչպիսին ՍՏՀԿ բիզնես-հանձնաժողովն է, կկարողանա փոխհամաձայնեցում հաստատել եւ կթեթեւացնի երկու երկրների հետագա շփումը»,- նշել է Օզարարատը:



Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանը մեծ հաջողություններ է ունեցել տնտեսական զարգացման ճանապարհին` կատարելով նպաստավոր ներդրումների եւ բիզնես-միջավայրերի ստեղծման աշխատանքներ:



Օզարարատը նաեւ նշել է, որ քննարկման առարկա է դառնալու հայ-թուրքական սահմանի բացման հարցը, որը կնպաստի տարածաշրջանային ինտեգրմանը: «Մենք հույս ունենք, որ տնտեսական հետաքրքրությունը գերիշխող կլինի, եւ մոտ ժամանակներս մենք կհասնենք այն արդյունքին, որին տարիներ շարունակ ձգտում են տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է Օզարարատը:



Հայաստանն Սեւծովյան տնտեսական համագործակցության ղեկավար-երկրի պարտականություններն ընդունել է 2008թ. նոյեմբերին եւ կկատարի դրանք մինչեւ 2009թ. ապրիլի 30-ը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---